Օտարերկրյա ներդրումներով կառուցվող Երասխի մետալուրգիական գործարանում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացու մարմիններից վիրահատությամբ դուրս բերված բեկորներն են. իրեղեն ապացույցները Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը ներառել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցում: Գործարանը, որտեղ Հնդկաստանի 70 և Հայաստանի 130 քաղաքացի է աշխատում, հունիսի 13-ի երեկոյան է մոտ մեկուկես ժամ թիրախավորվել, աշխատանքը հարկադրված դադարեցվել է:
«Ըստ գործարանի տնօրինության՝ վիրավորում ստացած 2 աշխատակիցները թիրախավորվել են նաև այն պատճառով, որ աշխատելիս են եղել թթվածնի բալոններով, և ադրբեջանցի զինվորականները դիտավորությամբ կրակել են հենց այդ սարքերի վրա, որ տարածքում մեծ պայթյուն առաջանա»,- գրված է զեկույցում:
Փաստահավաք խումբը նաև արձանագրել է, որ վնասվել են գործարանի նորակառույց սյուները, պատերը, պարիսպը, գործարանի վարչական շենքը, հարևանությամբ կայանած քաղաքացիական մեքենան ու շինտեխնիկան:
Ադրբեջանական զինուժի թիրախում միայն գործարանը չի եղել: Կրակոցներ նաև տեղի դպրոցի ուղղությամբ են հնչել: Հունիսի 14-ին՝ կեսօրին մոտ, աշակերտները մոտ 15 րոպե կրակահերթի ձայնի տակ քննություն են հանձնել, սակայն դրանց ինտենսիվության պատճառով ստիպված են եղել 20 րոպե շուտ ավարտել, ինչից հետո նրանք խումբ-խումբ տարհանվել են դպրոցից:
«Պաշտպանն արձանագրում է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի շարունակական ագրեսիվ վարքագիծը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքով երաշխավորված հիմնարար իրավունքները՝ ուղղակիորեն ազդելով երեխաների բնականոն կյանքի, կրթության իրավունքի պատշաճ իրացման վրա»:
Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինուժը թիրախավորել է նաև միջպետական Մ2 ճանապարհին տեղադրված ՀՀ դրոշը, վնասել այն: Երասխի վարչական ղեկավարը հայտնել է, որ դրոշը փոխարինվել է նորով:
«Կրակոցների բարձր ձայնը պարզ լսվել է ամբողջ բնակավայրում, ինչը թույլ է տալիս պնդել, որ դրանք նաև խոշոր տրամաչափի զենքերից են եղել: Ադրբեջանցի զինծառայողների վարքագիծը հակասում է ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված սկզբունքներին և նպատակներին, հանդիսանում է խաղաղության սպառնալիք և ագրեսիայի դրսևորում»:
Պաշտպանի զեկույցում արձանագրվել է՝ ադրբեջանական զինուժի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։ Զեկույցը թարգմանվելու է անգլերեն, ուղարկվելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին։