Եվրոպան՝ անոմալ շոգի կիզակետում: Օրեցօր ջերմաստիճանի նոր ռեկորդներ են գրանցվում, եվրոպացի օդերևութաբանները զգուշացնում են՝ մի շարք բնակավայրերում ջերմաստիճանը կարող է գերազանցել 42 աստիճանը, ջերմային նոր ալիքների հետևանքների դեմ ավելի ու ավելի դժվար է պայքարել:
Իտալիայում 10-ից ավելի բնակավայրում, այդ թվում՝ Հռոմում և Ֆլորենցիայում, առողջության համար վտանգի բարձր մակարդակ է հայտարվել : Մասնագետները մտավախություն ունեն, որ Իտալիայի հարավում ջերմաստիճանը կարող է գերազանցել 49 աստիճանը, որը համաեվրոպական նոր հակառեկորդ կդառնա։
Ստեֆանո Ֆեդերիկո (Իտալիայի հետազոտությունների ազգային խորհրդի գիտաշխատող) - Գործ ունենք աֆրիկյան ջերմային ալիքի հետ: Այս տարի շոգից չի խուսափի իտալական ոչ մի բնակավայր: Շոգն ամենաշատը կզգացվի Սարդինիայում, Սիցիլիայում, Ապուլիայում, Կալաբրիայում և Լացիոյում: Հանգստյան օրերին անձրևներ են սպասվում, բայց կրիտիկական վիճակը կպահպանվի:
Իսպանիայի բնակիչներն էլ բողոքում են՝ անտանելի շոգ է նույնիսկ գիշերը, ինչի պատճառով քնել չեն կարողանում: Գրանցվել են նաև հոսպիտալացման դեպքեր:
Բեա Մարտին (Մադրիդի բնակիչ) - Եթե օդորակիչ չունենայի, երևի թե մահանայի: Մադրիդի կենտրոնում եմ ապրում, գիշերները դժվարությամբ է ստացվում քնել:
Հունաստանի իշխանությունները ավելի ծայրահեղ քայլերի են դիմում: Ակրոպոլիսը և զբոսաշրջային այլ կենտրոններ փակվել են այցելությունների համար, բացօթյա աշխատանքները չեղարկվել են։ Նշվում է, որ երկրի որոշ հատվածներում ջերմաստիճանը կարող է գերազանցել 44 աստիճանը: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ավելացել է զբոսաշրջիկների հոսքը հունական կղզիներ, որտեղ քիչ թե շատ հաջողվում է փրկվել տոթից:
Միևնույն ժամանակ, Եվրոպական ճամփորդական հանձնաժողովը մտահոգված է, որ շոգի պատճառով զբոսաշրջիկները կնախընտրեն ավելի զով ուղղություններ, ինչը կհարվածի եվրոպական տնտեսությանը, որը կորոնավիրուսից հետո փորձում է կամաց-կամաց ուշքի գալ:
Եղանակային պայմանների պատճառով Եվրոպան բախվել է նաև այլ խնդիրների: Տարածաշրջանում մոլեգնում են անտառային հրդեհները՝ հազարավոր տարհանվածներ, տուժածներ, այրված հազարավոր հեկտարներ: Հունաստանի մայրաքաղաքի շրջակայքում հրշեջները փորձում են հրդեհի՝ միաժամանակ մի քանի օջախ հանգցնել: Սակայն նրանց աշխատանքին խանգարում են ուժեղ քամիները: Հունաստանի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է այս շաբաթ հրդեհների բարձր ռիսկի մասին:
Իսպանիայի Լա Պալմա կղզում էլ, չնայած հրդեհը հաջողվել է մարել, այրվել է շուրջ 3500 հեկտար տարածք։ Հրդեհներ են նաև Շվեյցարիայում, իշխանությունները մտահոգված են՝ կրակը քամիների պատճառով կարող է տարածվել:
Ջերմային ալիքները չեն շրջանցել Միացյալ Նահանգները: Մի շարք բնակավայրերում ջերմաստիճանը հատել է 46 աստիճանը: Իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ ԱՄՆ-ը նաև պայքարում է Կանադայի անտառային հրդեհների հետևանքով երկիրը պատած ծխի դեմ: Իշխանությունները քաղաքացիներին հորդորում են առանց ծայրահեղ անհրաժեշտության չլքել տները, նախազգուշացնում օդի վատ որակի մասին: Վաշինգտոնի որոշ հատվածներում օդի որակի նարնջագույն աստիճան է հայտարարվել:
Հրդեհները մոլեգնում են ամիսներ առաջ երկրաշարժից տուժած Թուրքիայում: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ամենաշատը վնասվել են Մուղլա, Մերսին և Չանաքքալե նահանգները: Չնայած հրդեհները մեկուսացվել են՝ Թուրքիայի արտակարգ ծառայությունները դեռ պետք է հաղթահարեն դրանց հետևանքները:
Ըստ ՄԱԿ օդերևութաբանական կազմակերպության՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակը ևս մեկ ահազանգ է՝ աշխարհը պետք է ակտիվացնի կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Կառույցը զգուշացնում է՝ մինչ մի շարք երկրներում աննախադեպ շոգ է, այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի որոշ շրջաններում, հորդառատ անձրևների պատճառով ավերիչ ջրհեղեղներ են գրանցվում: Եղանակային այս ծայրահեղությունները բացասական ազդեցություն են ունենում մարդկանց առողջության, տնտեսության, էներգիայի և ջրի պաշարների վրա: Բնական կատակլիզմները նաև տարեցտարի ավելի շատ մարդկանց կյանքեր են խլում: