Եվրախորհրդարանի պատգամավորները հրապարակել են Բելառուսի հետ ԵՄ հարաբերությունների մասին զեկույց, նշել՝ Բելառուսը պատասխանատվություն է կրում Ուկրաինային հասցված վնասի և այնտեղ կատարված հանցագործությունների համար, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղափոխման գործում։
Զեկույցով կոչ է արվում «ԵՄ ինստիտուտներին և անդամ պետություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային մակարդակով, որպեսզի ապահովվի Բելառուսի այն քաղաքական և ռազմական պաշտոնյաների քրեական հետապնդման հնարավորությունը, որոնք պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար»:
Եվրախորհրդարանի պատգամավորները Միջազգային քրեական դատարանին կոչ են արել դիտարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալման օրդեր տալու հնարավորությունը:
ԵՄ խորհրդին էլ եվրապատգամավորները հորդորել են ընդլայնել բելառուս ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել, ներառյալ նրանց, ովքեր ներգրավված են ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսմանը: