Եվրախորհրդարանի ԶԼՄ-ների հարցերով աշխատանքային խմբի համանախագահներ Դևիդ Կազան և Ռամոնա Ստրուգարիուն խստորեն դատապարտել են լրագրողների հետապնդումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որն իր ելույթում սպառնացել է իր ավտորիտար ռեժիմը քննադատող լրագրողներին, բլոգերներին և ակտիվիստներին: Այդ մասին նշված է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կայքում:
Առանձնացվում է մեծ թվով հետևորդներ ունեցող բլոգեր Մուհամեդ Միրզալին, որը լուսաբանում է Ադրբեջանի իշխող ընտանիքի անվան հետ կապված կոռուպցիան: Նշվում է, որ Ադրբեջանը ներքաշվել է եվրոպական էներգետիկ սկանդալների մեջ և բախվում է երկրի ներսում կոռուպցիայի մեջ լայնորեն տարածված մեղադրանքներին:
«Միրզալին մյուսների հետ փախել է Ալիևի ռեժիմից, բայց, միևնույն է, Ֆրանսիայում մահափորձի է ենթարկվել։ ԶԼՄ-ների հարցերով աշխատանքային խմբի համանախագահներն ընդգծում են իրենց աջակցությունը բոլոր լրագրողներին և կրկնում են Ադրբեջանին ուղղված՝ իրենց միջազգային պարտավորությունները կատարելու կոչը: Կարևոր է, որ Եվրոպան լինի անվտանգ մայրցամաք բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են իրենց խոսքի ազատությունից:»,- նշված է ԵԺԿ պաշտոնական կայքում։