Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Վեդիի ջրամբարում էր, արձանագրեց խնդիրներն ու հորդորեց ժամկետի մեջ տեղավորվել:
Այս ջրի առկայությունը խոսում է այն մասին, որ ջրամբարն ընտիր վիճակում է, ու ջուր չի փախչում ջրամբարից:
Վեդիի ջրամբարը Հայաստանի պատմության մեջ զրոյից կառուցվող ամենախոշոր նախագծերից է: Հիմնական պատվարի 85 մետրից 74 մետրը և 2-րդ պատվարի 17 մետրից 10 մետրն արդեն կառուցվել է: Ջրամբարի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, ծրագրի արժեքը 90 մլն եվրո է: Վեդիի ջրամբարի շահագործումը կապահովի անխափան ինքնահոս ոռոգում 3200 հա հողի համար, որից 300 հա-ը նոր է դառնում մշակելի: Արդեն Փոքր Վեդիում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ խնդիրներին, որոնք հիմնականում խաղողի մթերման գործընթացին էին վերաբերում:
10 տոննա խաղողը թափեցին, 5 օր հերթ եմ պահում:
էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պարզաբանեց, որ խնդիրները արտաքին շուկայում ծագած հարցերով եմ պայմանավորված, քանի որ հայկական կոնյակի 90 տոկոսն արտահանվում է, հիմնական մասը ՌԴ, որտեղ գնողունակությունն ընկել է, ռուբլու փոխարժեքը՝ նույնպես: Վարչապետը շեշտեց, որ Կառավարությունը կքննարկի խնդիրներն ու կփորձի գտնել անհրաժեշտ լուծումներ: Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ նաև 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքներին: 2022 թվականին սկսած շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Ծրագրին պետական բյուջեից 1 մլրդ 872 մլն դրամ է հատկացվել: Կառավարության ղեկավարը եղավ «Վեդի ալկո» ընկերությունում՝ ծանոթացավ առաջիկա ծրագրերին և խաղողի մթերման աշխատանքներին:
Դեղձուտի դպրոցի շինաշխատանքներն ավարտվում են, բայց նկատվել են բացթողումներ: Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի առջև խնդիր դրեց՝ սեղմ ժամկետում վերացնել թերությունները: Դպրոց հիմնելու համար պետբյուջեից հատկացվել է 960 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս նույն շենքից տասնյակներով սարքելու ենք, նախ շտկենք թերությունը, բայց խորանանք, նաև պատճառը հասկանանք:
Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 617 մլն դրամ է: Մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո քաղաքը պատրաստ կլինի ընդունել միջազգային մրցաշարեր:
Վարչապետին ներկայացրին նաև Արտաշատ համայնքի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 217 մլն դրամ է. ավարտման արդյունքում Արտաշատ քաղաքը կունենա մոտ 6.8 կմ ասֆալտապատ ճանապարհ: Այնուհետև վարչապետն այցելեց Վերին Դվին համայնք, նրան ներկայացվեցին փողոցների լուսավորության անցկացման աշխատանքները՝ 55 տոկոսն արդեն կատարված է: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 36.8 մլն դրամ:
Մխչյան գյուղում վարչապետ Փաշինյանը Արտաշատի ավտոշուկայի պայմաններին ծանոթացավ: Պատասխանատուները ներկայացրին, որ աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Մասնավոր ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն դոլար է: Ծրագրի արդյունքում շուրջ 11 հա հողամասի վրա գործելու է ավտոշուկա, որտեղ առկա է նաև հաշվառման-քննական բաժանմունք: Ավտոշուկային հարակից գտնվող ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունքում Նիկոլ Փաշինյանին ծանոթացրին վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմի պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին:
Արդեն Մասիսում վարչապետ Փաշինյանը բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին ծանոթացավ, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ծրագրի արժեքը 2 մլրդ դրամ է։
Նիկոլ Փաշինյան - Շատ կարևոր է ամեն օղակի գործառութային և բովանդակային հատվածը ճշտելը, ամբուլատորիան մինչև ուր մարդուն պետք է ուղեկցի, պոլիկլինիկան:
Կառավարության ղեկավարը համայնքի թիվ 3 մսուր-մանկապարտեզի շենքի կառուցման ընթացքին էլ ծանոթացավ. շենքն ամբողջությամբ կառուցվել է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները, ծրագրի արժեքը 276.5 մլն դրամ է: 50 տոկոս Կառավարության և 50 տոկոս համայնքի ներդրմամբ կառուցվող մանկապարտեզի նախագծային հզորությունը 4 խումբ է՝ 120 տեղով:
Երկրի ղեկավարը Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթացավ: Ծրագրի արժեքը 875.7 մլն դրամ է:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Մասիսում ֆերմերի կողմից պետական ծրագրով հիմնված խելացի անասնագոմում էր:
Վարչապետին մանրամասն ներկայացվեցին ծրագրի ընթացքն ու արդյունավետությունը: Նա ողջունեց ֆերմերի կողմից ծրագրին մասնակցությունն ու պատասխանատուներին հանձնարարեց գյուղացիական տնտեսությունների շրջանում կոնկրետ օրինակներով ակտիվորեն ներկայացնել ծրագրի արդյունավետությունը:
Նիկոլ Փաշինյան - Ծրագիրը դանդաղ է ընթանում, բայց ընթանում է: Կարևորը՝ հիմա, որ ասում ենք խելացի անասնագոմ, տեղ կա, որ ցույց տանք:
Այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Հեղինակ՝ Անի Օհանյան