ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հուլիսի 18-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նարեկ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ու կարևորել փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ:
Քննարկվել են ՀՀ խորհրդարանի հետ համատեղ աշխատանքն առավել գործնական ու համակարգված դարձնելուն ուղղված քայլերը, կարևորվել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական չափորոշիչների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:
Մերի Կատվալյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը, ինստիտուտները և պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին: Նարեկ Զեյնալյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրությունը գրեթե ամբողջությամբ բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբժշկության մասին» կոնվենցիայի դրույթներից: Քննարկվել են կոնվենցիայի վավերացման գործընթացին առնչվող հարցեր:
Կարևորվել են նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները, առողջապահության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի մշակումն ու վերապատրաստումների շարունակական իրականացումը:
Առաջիկայում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ կրկին հանդիպելու և տարբեր ձևաչափերով համագործակցության ուղղությունները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: