18.07.2023 թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում տեղի է ունեցել 5 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ խոշոր ավտովթար։ Այդ մասին ասված է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում:
«Մասնավորապես, իրար են բախվել Այգեվան գյուղի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, Արալեզ գյուղի բնակչի վարած «Գազել» մակնիշի, Փոքր Վեդի գյուղի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի, Արարատ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի և Փոքր Վեդի գյուղի բնակչի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանցից ևս երկուսը՝ ուղևորներից 43-ամյա տղամարդը և ԲՄՎ-ի 25-ամյա վարորդը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել են: Ներկա դրությամբ վթարի հետևանքով վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված բոլոր անձինք գտնվում են բուժաշխատողների հսկողության ներքո։
Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։
Վթարի մասնակից տրանսպորտային միջոցները զննվել են և տեղափոխվել հատուկ պահպանման վայր:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցները վթարի պատճառներն ու հանգամաքնները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է գրառման մեջ։