Քանդակագործության միջազգային փառատոն՝ Փարաքարում։ Այն նվիրված է անվանի քանդակագործ Արա Հարությունյանին, որի ջանքերով կես դար առաջ Երևանի և իտալական Կարարայի միջև բարեկամական կամուրջ գցվեց։ Քարին կենդանություն տվող վարպետները ստեղծագործելու են «Հայկական խաղաղություն» թեմայով․ այդ առիթով նույնիսկ սպիտակ մարմարի արդյունահանման կենտրոն Կարարայից Փարաքար են ներկրել ճերմակ քարի մեծ կտորներ։
Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Կարարայից այստեղ են տեղափոխվել մարմարի կտորներ, որոնց վրա աշխատելու են քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Լեհաստանից: Կարծում եմ՝ այս փառատոնը լինելու է սկիզբը մեր հարաբերությունների վերականգնման, այս քանդակները զարդարելու են Երևանն ու Փարաքարը։
Արա Հարությունյանը դեռևս 1965 թվականին Կարարայի մարմարի հանքերում, որտեղ ստեղծագործել է նաև Միքելանջելոն, տեսել է կիսատ մնացած ստեղծագործության դետալներ՝ ձեռքեր ու գլուխ, որը, ինչպես հետո պարզվել է՝ պատկանել է Հիսուս Քրիստոսի անավարտ արձանին։ Իտալացիները հայ քանդակագործին ասել են, որ հեղինակը ստեղծագործությունն անավարտ է թողել՝ ֆինանսավորում չստանալու պատճառով։ Հարությունյանն անմիջապես կողմնորոշվել է․ արհամարհելով աստվածուրաց կարգերի արգելքները՝ Հիսուսի քանդակի ձեռքերը տեղափոխել է Հայաստան․ այն հիմա զարդարում է Երևանի պուրակներից մեկը։
Սուսաննա Հարությունյան (քանդակագործ Արա Հարությունյանի դուստրը) - Կտրված ձեռքեր են եղել, իսկ Արա Հարությունյանը ստեղծել է այդ ձեռքերի գաղափարը, բարեկամության գաղափարը՝ մի ձեռքը դնելով մյուսի մեջ։ Նա կոմպոզիցիոն լուծման հեղինակն է և ստեղծել է բարեկամության գաղափարը Երևան-Կարարա քույր քաղաքների։
Փառատոնը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը, Փարաքար համայնքն ու Իտալիայի Կարարա քաղաքը։ Քանդակագործները իտալական սպիտակ մարմարից և հայկական վարդագույն տուֆից կկերտեն խաղաղություն քարոզող 15 քանդակ, որոնցից 2-ը կնվիրեն Երևանի և Կարարայի բարեկամության 50-ամյակին։
Կանտա Կիշոր (քանդակագործ, Հնդկաստան) - Ինչ տեսնում ենք՝ բնությունը, ծառերը, ծաղիկները, արդեն խաղաղություն է: Ես կհամադրեմ հայկական կարմիր տուֆն ու իտալական սպիտակ մարմարը և երկգույն քարերի համադրությունից կստանամ իմ պատկերացրած խաղաղությունը։
Տվեք մեզ հենման կետ, և մենք կկերտենք գեղեցիկը՝ ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար, Իտալիայում ստեղծագործող Վիգեն Ավետիսը։ Արվեստագետի խոսքով՝ որպեսզի գեղեցիկը փրկի աշխարհը՝ նախ պետք է փրկել գեղեցիկը։
Վիգեն Ավետիս (փառատոնի գեղարվեստական ղեկավար) - Խաղաղություն գալիս է, երբ ներկա է գեղեցիկը։ Պատերազմները սկսում են գեղեցիկի բացակայության դեպքում։ Մեր աշխարհում այնքան է պակասել գեղեցիկի ընկալման մոտեցումը, ով նկատում է գեղեցիկը՝ չի կարող գոռալ, վիճել, պատերազմներ անել։
Խաղաղություն կերտելու համար քանդակագործները 20 օր կռիվ կտան քարի հետ։ Կստեղծեն նաև ֆիզիկական քանդակների թվային՝ NFT տարբերակները, որոնց վաճառքից գոյացած գումարները կուղղվեն Փարաքարի ժամանակակից արվեստանոցի հիմնմանը։