ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Շնորհակալություն հայտնելով պարոն Սպանտիգատիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԱԶԲ-ի հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարևոր ձեռքբերումներին։
Շնորհավորելով Դոնալդ Լամբերթին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ գործակցության գերակայություններին համահունչ համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև քաղաքային կայուն զարգացմանը և դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը: