Լեհաստանի դեսպանին սպասում են Վրաստանի ԱԳՆ-ում: Կանչը կապված է «Վիվամեդի» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, ըստ վրացական կողմի, լեհ բժիշկը գաղտնի, կոշիկի մեջ թաքցրած, փորձել է դուրս բերել Վրաստանի երրորդ նախագահից վերցված կենսաբանական ստուգման նմուշները։
«Ինձ համար դա անբացատրելի է, ես պատասխան չունեմ լեհ բժշկի կողմից կենսանյութը հեռացնելու փորձին, քանի որ ոչ ոք չի արգելել նմուշը վերցնել, բայց դա պետք է արվեր օրինական ճանապարհով»,- Վրաստանի առաջին ալիքին ասել է «Վիվամեդի» հիվանդանոցի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
Նրա խոսքով՝ միայն այս փաստից հետո լեհ բժիշկները պաշտոնապես պահանջել են կենսանյութի նմուշառումը, որը նախկինում ապօրինի էին վերցրել։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ լեհ բժշկի՝ բժշկական հաստատությունից Միխեիլ Սաակաշվիլու նմուշը գաղտնի դուրս բերելը կեղծիքի և մանիպուլյացիայի փորձ էր: «Նրանք պետք է ներկայացնեն պաշտոնական բացատրություն, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դա արվել։ Սա լուրջ հետաքննություն է պահանջում»,- ասել է Կոբախիձեն։