Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի կոշտ հայտարարություններին:
«Ես չեմ կարող չարձագանքել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի ոչ բարեկամական հայտարարություններին։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության՝ նա պնդում է, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և շահագրգռված է շարունակել արյունալի հակամարտությունն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև։ Խորհրդարանականն իրեն նույնիսկ թույլ է տվել մեր երկիրն անվանել «անվստահելի ու արյունարբու» և պահանջել դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը»։
Սենատորը հույս է հայտնել, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ դրանց գնահատական տան նաև Ադրբեջանի խորհրդարանում։
«Պատգամավորին հիշեցնեմ, որ ԼՂ հիմնախնդրի բոլոր փուլերում, հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հասնել փոխզիջումների։
2020 թվականի աշնանը նախագահ Պուտինը դադարեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում: Մոսկվայի մասնակցությամբ մշակվել են ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրեր, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայված ռուս խաղաղապահները խաղաղություն են հաստատել Ղարաբաղում՝ օգնելով լուծել առաջնահերթ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ՝ 2020 թվականի նոյեմբերից զորախումբը ականազերծել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում՝ գրեթե 700 կմ ճանապարհ։ Մեր խաղաղապահները Ղարաբաղի հայերին և ադրբեջանցիներին հնարավորություն են տվել քննարկել խաղաղության օրակարգը։ Մենք բացարձակապես անպատասխանատու ենք համարում ռուսական զորախմբի դուրսբերման պահանջները»,- գրել է Կարասինը։
Նրա խոսքով՝ Հասանգուլիևի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի ոգուն և բովանդակությանը և չի համապատասխանում Բաքվի ու Մոսկվայի բարձր մակարդակի հարաբերություններին, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ։
«Մենք Դաշնային խորհրդում պատրաստ ենք շարունակելու կառուցողական երկխոսությունը ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են»,- եզրափակել է ՌԴ նախկին փոխարտգործնախարար, Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
Հիշեցնենք՝ ադրբեջանցի պատգամավորը նախօրեին հայտարարել էր.
«Անհրաժեշտ է ԱԳՆ կանչել Ռուսաստանի դեսպանին և նրան ընդգրկուն տեղեկություն տրամադրել այն քայլերի մասին, որոնք կձեռնարկի Ադրբեջանը: Անհրաժեշտ է նաև Մոսկվայից պահանջել այսուհետ զերծ մնալ սադրիչ վարքագծից, որը մեր երկրների միջև ստորագրված փաստաթղթերը վերածում է անօգուտ թղթերի և գործընկերների և հարևանների աչքում Ռուսաստանը ներկայացնում որպես անվստահելի և արյունարբու երկրի:
«Մենք պետք է պաշտոնապես հայտարարենք, որ Ադրբեջանում գտնվելու համար ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին խոսք լինել չի կարող։ 2025 թվականը, երբ լրանում է ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը, նաև խաղաղ բանակցությունների վերջնաժամկետ է։ Եթե հստակ չնշենք այդ դիրքորոշումը, ապա բանակցությունները կշարունակվեն հավերժ»,- ասել է Հասանգուլիևը։