Հայաստանի պետական պարտատոմսերի աննախադեպ պահանջարկ՝ հուլիսի 11-ին տեղի ունեցած աճուրդի ժամանակ: 10 տարի մարման ժամկետով 60 մլրդ դրամի տեղաբաշխված ծավալի պահանջարկը եռակի անգամ շատ է եղել՝ ավելի քան 186 մլրդ դրամ: Իսկ եկամտաբերությունը՝ 11.11 տոկոս է:
Սամվել Խանվելյան (ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ) - Նման ծավալ մինչև հիմա դեռևս չէր գրանցվել բացարձակ թվով, եթե ասենք:
Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետը նշում է՝ շուկայի մասնակիցները դեռ տարեսկզբից էին սպասում այս աճուրդին: Էականորեն փոխվել է նաև կառուցվածքը. եթե նախկինում հիմնականում բանկերն էին պարտատոմսերի սեփականատերերը, այսօր արդեն՝ թե՛ կենսաթոշակային ֆոնդերն ու ապահովագրական ընկերությունները, թե՛ ներդրումային ընկերությունները: Սամվել Խանվելյանն առանձնացնում է օտարերկրյա կազմակերպությունների ակտիվացումը դրամային պարտատոմսերի ձեռքբերման հարցում:
Սամվել Խանվելյան - Եթե, օրինակ՝ անցած տարվա էս նույն ժամանակի հետ համեմատենք, նրանց բացարձակ թվով մասնակցությունը պարտատոմսերում գրեթե կրկնապատկվել է, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում ընդհանուր պորտֆելի 4 տոկոսից ներկայումս աճել է մինչև 6 տոկոս, ընդ որում՝ դա դեռևս հաշվի չառած երեկվա աճուրդի արդյունքները:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը ևս արձանագրում է՝ աննախադեպ աճուրդ էր, ինչը խոսում է երկրի հանդեպ հետաքրքրության և վստահության մասին:
Հայկ Եգանյան (Հայաստանի ֆոնդային բորսային գլխավոր տնօրեն) - Արտասահմանյան ներդրողների համար ինքը շատ հետաքրքիր գործիք ա, որովհետև մեր ազգային արժույթը արժևորվել է, և սպասվում է նաև, իրենց կանխատեսումներով, որ մոտակա ամիսներին ևս կարող է որոշակիորեն արժևորվել՝ հաշվի առնելով ներհոսքը տուրիստական, այդ իսկ պատճառով, երբ փոխարկում են անում դրամի և ներդրում են անում դրամով, եթե դրամը արժևորվի, այսինքն՝ իրենք չեն աշխատելու միայն տոկոսի եկամուտը, այլ նաև աշխատելու նաև արժևորման վրա:
Ընդ որում՝ դրանք հիմնականում միջազգային առաջատար բանկերն են և որակավորված ներդրողներ, որոնք անգամ տրիլիոն դոլարի հասնող ակտիվներ են կառավարում:
Սամվել Խանվելյան - Իսկ ինչով է բացատրվում նրանց հետաքրքրվածությունը, իհարկե, նրանք առաջին հերթին այսպես կոչված եկամտաբերության որսորդներ են, որոնք գնում են բարձր եկամտաբերության հետևից, բայց, իհարկե, նրանք նաև այնքան խելամիտ են, որ հաշվի են առնում իրենց ներդրումների հետ կապված ռիսկերը, իսկ այդ ռիսկերի գնահատման ժամանակ նաև հաշվի են առնում առկա տնտեսական իրավիճակը:
Հայաստանը վերջին տարիներին որդեգրել է կառավարության պարտքի մեջ՝ ներքին պարտքի կշիռը մեծացնելու ռազմավարություն, ինչը հնարավորություն է տալիս խուսափել արտարժութային ռիսկերից, այսինքն՝ թողարկել դրամով պարտատոմսեր և հենց տեղական արժույթով էլ կատարել դրանց մարումները: Սրանից զատ պետությունը թողարկում է նաև եվրոբոնդեր, որից սովորաբար օգտվում են արտասահմանյան ներդրողները, սակայն այս դեպքում տեղական արժույթի մեջ ներդրում կատարելը սկսել է ավելի հետաքրքիր դառնալ:
Հայկ Եգանյան - Երբ որ համեմատում ենք այլ երկրների, նմանատիպ ռեյտինգ ունեցող երկրների տեղական պարտատոմսերի հետ, մերը, կարծում եմ, ավելի գրավիչ ա:
Կառավարության պարտքի կառուցվածքում, որը 4 տրլն 79 մլրդ դրամ է, ներքին պարտքի կշիռը հունիսի վերջի դրությամբ հասել է արդեն 44 տոկոսի, իսկ դրամով ներգրավված պարտքինը՝ 41.3 տոկոսի: Նախորդ տարեվերջին դրանք, համապատասխանաբար, 41.6 և 37.9 տոկոս էին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան