ՄԻՋԱԴԵՊ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը առավոտյան տեղեկացրել է, որ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է՝ ավտոճանապարհի հատվածի փլուզման պատճառով: Բելգորոդի նահանգապետն էլ հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի հետևանքով Բելգորոդի երկու բնակիչ է մահացել՝ տղամարդ և կին, նրանց անչափահաս դուստրը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։
Ղրիմի Պետական խորհուրդը վթարի համար մեղադրել է Կիևին՝ տեղի ունեցածն անվանելով ահաբեկչական հարձակում և զգուշացնելով, որ ցանկացած նման հարված անպատասխան չի մնա:
ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն տեղեկացրել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացվել է ուկրաինական ջրային դրոններով:
Ուկրաինական կողմն արձագանքել է: Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության խոսնակ Անդրիյ Յուսովը հայտարարել է՝ Ղրիմի կամուրջն ավելորդ կառույց է:
Ուկրաինական լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ տեղի ունեցածին կարող են ներգրավված լինել Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը: Կամրջով վերականգնվել է միայն երկաթուղային երթևեկությունը:
ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվել է, ծանր մարտեր են ընթանում՝ հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարարը։ Աննա Մալյարի խոսքով՝ ռուսական կողմը երկու օր անընդմեջ հարձակողական գործողություններ է իրականացնում Կուպյանսկի ուղղությամբ, դիրքերը օրական մի քանի անգամ փոխվում են։
Նա նշել է, որ Բախմուտի ուղղությամբ ուկրաինական ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում: Հյուսիսում էլ, չնայած ռուսական զինուժի գործողություններին, ուկրաինական կողմը պահում է դիրքերը:
ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ջո Բայդենը «կանաչ լույս է տվել» եվրոպական երկրներին՝ ուկրաինացի զինծառայողներին վերապատրաստելու և նրանց համար F-16 կործանիչներից օգտվելու դասընթացներ կազմակերպելու համար:
«Հենց եվրոպացիները պատրաստ լինեն, մենք կտրամադրենք անհրաժեշտ սարքավորումները: Մեզ ասել են, որ ուսումնական գործընթացներն ապահովելու համար իրենց մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ»,- մանրամասնել է Սալիվանը:
Մոսկվան, արձագանքելով F-16-երի շուրջ ստեղծված իրավիճակին, զգուշացրել է՝ Ուկրաինային այդ կործանիչների փոխանցումը Ռուսաստանը կդիտարկի որպես միջուկային ոլորտում սպառնալիք։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուղիղ զինված բախման վտանգ են ստեղծում:
ԱՆԿԱՐԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ. ԱԼԹՈՒՆ
Անկարան աջակցում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆահրեթթին Ալթունը։ «Թուրքիան հավատում է, որ դաշինքի ընդլայնումը աշխարհում ամուր խաղաղության բանալին է»,- հավելել է քաղաքական գործիչը։
Նա նաև պնդել է՝ Անկարայի նման դիրքորոշումն ուղղված չէ կոնկրետ երկրի դեմ:
Թուրքական կողմն ուղղակի ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն անվտանգության համապարփակ կազմակերպություն դառնա, ինչը կնպաստի կայունության հաստատմանը: Ալթունը հավելել է՝ Վիլնյուսում հուլիսի 11-12-ն անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Ռեջեփ Էրդողանը հաստատել է աջակցությունը Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը: Անկարան աջակցում է նաև դաշինքին Շվեդիայի անդամակցությանը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կվտանգի Ռուսաստանի անվտանգությունը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը հենց Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի անդամակցության հնարավորությունն է:
***
Կոսովոյի զինված ուժերը համալրել են զինանոցը թուրքական Bayraktar հարվածային անօդաչու սարքերով՝ տեղեկացրել է Կոսովոյի վարչապետը:
«Վերջին 2 տարվա ընթացքում ավելացրել ենք զինծառայողների թիվը 80%-ով, իսկ բյուջեն՝ ավելի քան 100%-ով»,- հայտարարել է Ալբին Կուրտին, հավելել՝ այժմ Կոսովոն ավելի անվտանգ է դարձել։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիայում հարգում են Ռեջեփ Էրդողանին, բայց Պրիշտինային անօդաչուների վաճառքը, անկասկած, կազդի երկու երկրների հարաբերությունների վրա։
***
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրահաղորդման ցանցերը կանցնեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով։
«Այժմ նախաձեռնության կյանքի կոչման շուրջ բանակցությունների փուլում ենք»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Նա հավելել է, որ Թեհրանը ձգտում է որոշ հարևանների հետ էլեկտրաէներգիա փոխանակել առանց վճարի։