Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործելուց, քանի որ հացահատիկի գործարքի՝ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում այսօր դադարել են գործել սևծովյան համաձայնագրերը: Ավելի վաղ ՌԴ նախագահն ասել էր, որ վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, հետևաբար, դրա գործունեությունը դադարեցվել է»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ Կրեմլի խոսնակը վստահեցրել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, երբ կատարվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Ռուսաստանը դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանն ու պաշտոնապես այդ մասին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային ու ՄԱԿ-ի քարտուղարությանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ կապակցությամբ արձանագրել էր, որ հացահատիկի գործարքի գործողության բոլոր ամիսների ընթացքում գործարքի «ռուսական մասն» ընդհանրապես չի իրականացվել, այն դեպքում, երբ ուկրաինական պարենի արտահանումն ապահովված էր: «Ընդ որում՝ Ուկրաինայից հացահատիկը հայտնվել է ոչ թե ամենաաղքատ երկրներում, այլ առավելապես Արևմուտքում»,- նշել է Լավրովը։