ՊԵՍԿՈՎՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա նշել է՝ Կրեմլը գիտի՝ ով է կանգնած կամրջի վրա դրոններով հարձակման հետևում: «Մենք լավ գիտենք՝ որքան խորն է Կիևի ռեժիմի, Վաշինգտոնի և եվրոպական մի շարք մայրաքաղաքների միջև համակարգումը»,- հավելել է Պեսկովը: ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Վլադիմիր Պուտինը տեղյակ է տեղի ունեցածին, այժմ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում:
Հարցին՝ ինչպիսին կլինի միջադեպին Մոսկվայի արձագանքը՝ Պեսկովը վստահեցրել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները կշարունակվեն, և վերջին հաշվով ռուսական կողմի հաղթանակը կլինի պատասխանը Ղրիմի կամրջի թիրախավորմանը:
ՌԴ ԱԳՆ-ն նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ եթե հետաքննության արդյունքները պարզեն կամրջին հարվածած անօդաչու թռչող սարքի արևմտյան ծագումը, դա կհաստատի Արևմուտքի մեղսակցությունը:
Ավելի վաղ Ղրիմի ղեկավարը տեղեկացրել էր, որ կամրջով երթևեկությունը դադարեցվել է ավտոճանապարհի հատվածի փլուզման պատճառով: Կա երկու զոհ՝ տղամարդ և կին, նրանց անչափահաս դուստրը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։
Ռուսական կողմը մեղադրել է Կիևին, նշելով, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ հայտարարել է. «Ցանկացած ապօրինի շինության ճակատագիր, որն օգտագործվում է զանգվածային սպանության միջոցներ տեղափոխելու համար, կարճատև է՝ անկախ ավերածության պատճառներից»:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է. ՊԵՍԿՈՎ
Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև 2022 թվականին կնքված հացահատիկի գործարքը դադարեցվում է՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պատճառն այն է, որ նախաձեռնության՝ Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ «Մոսկվան անհապաղ կվերադառնա սևծովյան համաձայնագրերին, հենց գործարքի ռուսական մասը կյանքի կոչվի»,- հավելել է Պոսկովը։
Անկարան, Կիևը և ՄԱԿ-ի քարտուղարությունն արդեն ծանուցվել են, որ Մոսկվան դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը: Ժամկետը լրանում է վաղը:
Ռեջեփ Էրդողանն արձագանքել է Մոսկվայի որոշմանը, նշել՝ սևծովյան նախաձեռնությունը «պատմության մեջ մտավ որպես դիվանագիտական կարևոր հաջողություն, այն կանխեց աշխարհում պարենային ճգնաժամը»: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ օգոստոսին կկարողանա գործարքի երկարաձգման հարցով բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ:
Մոսկվան, մասնավորապես, պահանջում է «Ռոսսելխոզբանկը» կրկին միացնել SWIFT վճարային համակարգին, նպաստել Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի գործարկմանը, վերացնել Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի մատակարարման սահմանափակումները, թույլ տալ ռուսական նավերին մուտք գործել արտասահմանյան նավահանգիստներ, ինչպես նաև ապասառեցնել ռուսական ակտիվները։
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով երկրի էներգետիկայի նախարարությանը 7,6 միլիոն դոլար կհատկացվի՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Փաստաթղթում նշվում է, որ ադրբեջանական կողմը էլեկտրասարքավորումներ կգնի և կփոխանցի դրանք Կիևին: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանը 2022 թվականից ի վեր արդեն մի քանի անգամ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։
ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվել է, ծանր մարտեր են ընթանում՝ հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարարը։ Աննա Մալյարի խոսքով՝ ռուսական կողմը երկու օր անընդմեջ հարձակողական գործողություններ է իրականացնում Կուպյանսկի ուղղությամբ, դիրքերը օրական մի քանի անգամ փոխվում են։
Նա նշել է, որ Բախմուտի ուղղությամբ ուկրաինական ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում: Հյուսիսում էլ, չնայած ռուսական զինուժի գործողություններին, ուկրաինական կողմը պահում է դիրքերը: