Հացահատիկի և պարենամթերքի արհանման հարցով Սևծովյան նախաձեռնությունը դադարեցնում է աշխատանքը հուլիսի 18-ին, Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը կլուծարվի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչության տվյալով՝ Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ի քարտուղարությունը ծանուցվել են Մոսկվայի որոշման մասին:
«Սա նշանակում է նավագնացության անվտանգության երաշխիքների չեղարկում, ծովային հումանիտար միջանցքի գործունեության սահմանափակում, ինչպես նաև Սև ծովի հյուսիս-արևմուտքում վտանգավոր տարածքի ռեժիմի վերականգնում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան դուրս է գալիս Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև 2022 թվականին կնքված հացահատիկի գործարքից, քանի որ նախաձեռնության՝ Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում է Ռոսսելխոզբանկը կրկին միացնել SWIFT վճարային համակարգին, նպաստել Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի գործարկմանը, վերացնել Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի մատակարարման սահմանափակումները, թույլ տալ ռուսական նավերին մուտք գործել արտասահմանյան նավահանգիստներ, ինչպես նաև ապասառեցնել ռուսական ակտիվները։
Ռեջեփ Էրդողանն արձագանքել է Մոսկվայի որոշմանը, նշել՝ «սևծովյան նախաձեռնությունը կանխում էր աշխարհում պարենային ճգնաժամը»: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ օգոստոսին կկարողանա գործարքի երկարաձգման հարցով բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ:
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կանի հնարավորը, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը շարունակվի: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նավեր ունեցող ընկերությունները տեղեկացրել են Կիևին, որ պատրաստ են շարունակել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը, եթե Ուկրաինան և Թուրքիան համաձայնեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում տեղեկացրել էր, որ հակառուսական որոշ պատժամիջոցներ կարող են վերանայվել, իսկ Ռոսսելխոզբանկը կարող է կրկին միացվել SWIFT համակարգին: Անտոնիո Գուտերեշն ափսոսանք է հայտնել, որ իր այդ առաջարկն անտեսվել է:
«Միլիոնավոր մարդիկ բախվում են սովի: Եվ հենց նրանք են ամենաշատը տուժելու: Այսօր արդեն ցորենի գնի աճ է նկատվում», - ասել է Գուտերեշը։
Նա հավելել է՝ ՄԱԿ-ը կշարունակի աշխատել՝ դյուրացնելու համաշխարհային շուկաներ պարենային ապրանքների և պարարտանյութերի անարգել մուտքը ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից։
ՊԵՍԿՈՎՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա նշել է՝ Կրեմլը գիտի՝ ով է կանգնած կամրջի վրա դրոններով հարձակման հետևում:
«Մենք լավ գիտենք՝ որքան խորն է Կիևի ռեժիմի, Վաշինգտոնի և եվրոպական մի շարք մայրաքաղաքների միջև համակարգումը»,- հավելել է Պեսկովը:
Հարցին՝ ինչպիսին կլինի միջադեպին Մոսկվայի արձագանքը՝ Պեսկովը վստահեցրել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները կշարունակվեն, և վերջին հաշվով ռուսական կողմի հաղթանակը կլինի պատասխանը Ղրիմի կամրջի թիրախավորմանը:
Ավելի վաղ՝ Ղրիմի ղեկավարը տեղեկացրել էր, որ կամրջով երթևեկությունը դադարեցվել է՝ ավտոճանապարհի հատվածի փլուզման պատճառով: Կա երկու զոհ՝ տղամարդ և կին, նրանց անչափահաս դուստրը վնսվածքներ է ստացել։ Ռուսական կողմը մեղադրել է Կիևին, նշելով, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ հայտարարել է. «Ցանկացած ապօրինի շինության ճակատագիր, որն օգտագործվում է զանգվածային սպանության միջոցներ տեղափոխելու համար, կարճատև է՝ անկախ ավերածության պատճառներից»:
ԹՈՒՐՔԻԱՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԻՑ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիան դուրս չի գա Սիրիայի հյուսիսից՝ չնայած Սիրիայի նախագահի ցանկությանը, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ այցից առաջ հրավիրված ասուլիսում:
Նա նշել է, որ թուրքական կողմն այնտեղ կռվում է ահաբեկչության դեմ: Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու Բաշար Ասադի հետ՝ միաժամանակ կոչ անելով պաշտոնական Դամասկոսին զերծ մնալ նախապայմաններ առաջ քաշելուց։ Էրդողանը նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները նաև քառակողմ ձևաչափով՝ Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ։
Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներին: Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է Ռուսաստանից ինքնաթիռներ ձեռք բերել՝ դրանք մարելու համար։
«Երեկ Մուղլա, Մերսին և Չանաքքալե նահանգների տարբեր կետերում հրդեհներ են բռնկվել, որոնց մեծ մասը տեղայնացվել է: Այժմ մեր բոլոր ուղղաթիռներն ու ինքնաթիռները շարունակում են ինտենսիվ աշխատել», - հավելել է Թուրքիայի նախագահը:
ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ջո Բայդենը «կանաչ լույս է տվել» եվրոպական երկրներին՝ ուկրաինացի զինծառայողներին վերապատրաստելու և F-16 կործանիչներից օգտվելու դասընթացներ կազմակերպելու համար: Նա նշել է, որ ուսուցումը կարող է սկսվել 2 շաբաթից:
Սալիվանը նաև ընդգծել է՝ Վաշինգտոնը Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու ցանկություն չունի, ուստի հակամարտության ընթացքում ամերիկացի զինվորների երբեք չի ուղարկի Ուկրաինա:
Մոսկվան, արձագանքելով F-16-երի շուրջ ստեղծված իրավիճակին, զգուշացրել է՝ Ուկրաինային այդ կործանիչների փոխանցումը Ռուսաստանը կդիտարկի որպես միջուկային ոլորտում սպառնալիք։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուղիղ զինված բախման վտանգ են ստեղծում: