ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանի որոշ վարչական շրջաններում աղբահանության հետ կապված խնդիրներ կան, հարկավոր է հանրությանը ներկայացնել դրա պատճառը և օր առաջ կազմել ժամանակացույց, թե երբ է ձեռք բերվելու անհրաժեշտ տեխնիկան: Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նույնպես անդրադարձավ աղբամանների գերբեռնվածության ու կուտակումների պատճառներին:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է: Պետք է ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ, շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը: Դա վերաբերում է և՛ ձմռան տեխնիկային, և՛ աղբատարներին, և՛ փոշեկուլներին: Տնօրենի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր մեքենայի մասով նշվի, թե ինչ պատճառով է անսարք, և դրա վերականգնման ժամկետը ներկայացվի:
Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ տեխնիկան առնվազն 10 տարի պետք է ծառայեր, իսկ այդքան շուտ փչանալը ահազանգ է, որ նմանատիպ տեխնիկայով հեռու գնալ չի ստացվելու: Ավինյանը կարևորեց նաև, թե ինչպես են վարվում տեխնիկայի հետ:
Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Ես գիտեմ, որ հրատապ գնում պետք է իրականացնենք, մի քանի տեխնիկայի շարժիչներն են խնդրահարույց: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որոնք շուտով պետք է դուրս գան փողոցներ:
ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՏԻ ԱՎԵԼԱՑՆԵԼ
Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ, և երթևեկության ծանրաբեռնված ժամերին նախատեսվում է ավելացնել լրացուցիչ գոտի:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:
Տիգրան Ավինյան - Երկու տարբերակ կա. կարող ենք մենք կազմակերպել, կարող ենք արտապատվիրակել մասնավորին, երկու տարբերակով էլ նայենք ու հասկանանք:
ԿՓՈՓՈԽՎԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Նիստում ներկայացվեց, որ առաջիկայում կփոխվի Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը, մշակվում է փոփոխության սխեման, որտեղ ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր: Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով դրանով հանրային տրանսպորտի ակտիվ երթևեկը:
Վազգեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Սույն փոփոխությունը հնարավորություն կտա տրանսպորտից օգտվողներին նշված փողոցի տրանսպորտային հոսքերի խցանումներից ու կնվազեցնի ուղևորության միջին տևողությունը այդ փողոցը սպասարկող երթուղիների համար:
Տիգրան Ավինյան - Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողների համար, բայց սա է ճանապարհը, որ հասարակական տրանսպորտը զարգանա, ու այն պետք է լինի ամենաարագ տեղաշարժվողը, ու, հուսով եմ, բոլորս վաղ թե ուշ տեղափոխվելու ենք օնլայն վճարման համակարգ ունեցող ավտոբուսներ:
Երևանում գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Քայլեր են ձեռնարկվում արդեն հաջորդ տարվանից արտաքին լուսավորության ցանցը ողջ գիշեր վառ պահելու ուղղությամբ: