ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ուղղակիորեն ասվեց, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ չի հաղթել Ռուսաստանին։ Եթե Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, էլ նրա ինչի՞ն է պետք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիք է, և դրա համար էլ մենք ձգտում ենք դառնալ դաշինքի անդամ։ Կառույցը հայտարարել է, որ չեն կարող թույլ տալ երրորդ համաշխարհային պատերազմ, և Ուկրաինան իրենց պետք չէ։ ՆԱՏՕ-ն անդամակցության ուղղությամբ չի կարող գործուն քայլեր ձեռնարկել նույնիսկ մեզանից 10 անգամ մեծ երկրի համար։ Վրաստանը պետք է առաջին հերթին մտածի իր մասին։ Այդ իսկ պատճառով մենք ընտրել ենք ռազմավարական համբերության քաղաքականությունը, որպեսզի չստեղծենք ավելորդ ակնկալիքներ և հետևողականորեն հետապնդենք մեր ազգային նպատակը։ Մեր հիմնական խնդիրն է, որ երկիրը քայլ առ քայլ հետևի ծրագրին ու ճիշտ ժամանակին դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետն ու հավելել.
«Ես չէի ցանկանա, որ այսօր որևէ մեկն Ուկրաինայի իշխանությունների դերում լինի: Նրանք շատ ծանր վիճակում են, պայքարում են ագրեսորի դեմ»:
Ղարիբաշվիլին անհիմն է համարել աժիոտաժն այն հարցի շուրջ, որ գագաթնաժողովում Վրաստանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարարը: Նրա համոզմամբ՝ երկիրը դրանից ոչինչ չի կորցրել։