Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կանխարգելիչ միջոց են՝ հետագայում նման դեպքերի բացառման համար: Անդրադառնալով «Շոլց ԱԳ» ընկերության գործով Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճռին՝ նշեց արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը:
Արտյոմ Սուջյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական) - Երբ առկա լինի ՄԻԵԴ-ի վճիռ, որտեղ խախտում է արձանագրվել կոնվենցիայի, դրանում առկա լինի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթակելու, վարույթ հարուցելու հիմքեր, առանց ընտրողական մոտեցման, ԱՆ-ն վարույթ է հարուցելու, ներկայացնի ԲԴԽ: Ոչ ընտրողական մոտեցումը կլինի ԱՆ ամենակարևոր գործառույթը, որը կզսպի դատավորների վարքագիծը:
ԲԴԽ-ն հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները: Դատավոր Սամվել Թադևոսյանի լիազարությունները դադարեցվել են մինչև ԲԴԽ-ում գործի ըստ էության քննության փուլը՝ իր ներկայացրած դիմումի համաձայն: Գործն առնչվում է 2008-2010 թվականներին: Գերմանական ընկերությունը, գործակցելով հայկական տեղական ընկերություններից մեկի հետ, մետաղի մատակարարման պայմանագիր է կնքել, այդ նպատակով կանխավճար տվել հայկական ընկերությանը: Սակայն նախատեսվածից քիչ մետաղ է մատակարարվել, և վեճ է ծագել կանխավճարը վերադարձնելու համար: Գերմանական ընկերությունը փորձել է դատական պաշտպանության իրավունքն իրացնել Հայաստանում, բայց, ըստ Սուջյանի, ո՛չ ներպետական դատարաններում, ո՛չ արբիտրաժային տրիբունալում չի կարողացել ստանալ պաշտպանություն:
Արտյոմ Սուջյան - Տարբեր կերպ են մեկնաբանել կողմերի միջև կնքված պայմանագրերը, երբ կողմը գնացել է արբիտրաժային տրիբունալ, նշել է, որ իրեն ենթակա չէ, գնացել է ներպետական դատարան, արդյունքում ոչ մի կերպ չի կարողացել դատական պաշտպանության իրավունքն իրացնել: Ներպետական դատարաններում, ըստ էության, քննության չի հասել, բայց վարույթ ընդունվել է հայցը:
2019-ին ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրվել է դատարանի մատչելիության իրավունքի խախտում: ՄԻԵԴ-ն առանձնացրել է ներպետական դատարանների դերը տվյալ խախտման շրջանակում՝ անհասկանալի համարելով, թե դրանք ի՛նչ հիմնավորմամբ չեն ընդունել գործն այն դեպքում, երբ պայմանագրերը, որոնց հիման վրա հայց է ներկայացվել դատարան, առչնություն չեն ունեցել նախնական կնքված պայմանագրի հետ:
Արտյոմ Սուջյան - Առանցքայինը ոչ թե մի քանի հազար եվրո փոխհատուցումն է, որ պետությունը պետք է վճարեր, այն վնասը, որ հասցվել է ՀՀ-ին, որ արտասահմանյան ներդրող ընկերությունը գումար է տվել, որ իրեն ապրանք մատակարարեն, հերիք չէ՝ չի ստացել, փորձել է դատարանի միջոցով ստանալ, պաշտպանության իրավունք չի կարողացել իրացնել: Ինձ թվում է՝ ակնհայտ է պետության հեղինակությանը հասցված վնասը:
Սուջյանի խոսքով՝ դիտավորությա՞ն, թե՞ անփութության հետևանք է հարցին Բարձրագույն դատական խորհուրդը կանդրադառնա որոշման շրջանակում: Մինչև հուլիսին վերջ ԲԴԽ-ն կհրապարակի դատավորների լիազորությունների դադարեցման մասին որոշման հիմնավորումները: Դատական օրենսգրքի 2022-ի փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել մինչև 2020 թվականը կայացված Եվրադատարանի վճիռները, որոնց հիման վրա մինչև այժմ Հայաստանում դադարեցվել է 4 դատավորի լիազորություն: