Գարեգին Նժդեհի փողոցում առանձնացված ավտոբուսային գիծ կներդրվի: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Փողոցի ընտրությունը պայմանավորված է նշված հատվածում 21 երթուղիների սպասարկմամբ և ինտենսիվությամբ:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ տրանսպորտի համար առանձնացված գծեր հատկացնելը ոլորտի բարեփոխումների կարևոր մասն է, ինչի արդյունքում տրանսպորտին տրվում է առավելություն մարդատար մեքենաների նկատմամբ:
«Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին, այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա և՛ որակապես, և՛ ժամանակային: Տրանսպորտը պետք է լինի ամենաարագ տեղաշարժվողը Երևան քաղաքով, և, հուսով եմ, շատ-շատերս վաղ թե ու ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարմարավետ և առանձնացված գծերով երթևեկող, օնլայն վճարումների հնարավորություն տվող ավտոբուսներ»,- ասաց Ավինյանը:
Նշենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակվեն երթևեկության փոփոխության նոր սխեմաները, ճաապարհները կգծանշվեն և կկահավորվեն: