Ադրբեջանական երազանք «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը հերքվում է, միջազգային հանրությունը ճանաչում է ԼՂ սուբյեկտայնությունը. փորձագետի դիտարկումներն են բրուսելյան բանակցություններից հետո: Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը: Շառլ Միշելը շեշտեց տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը, և որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հարգմամբ։ Ավելին. ասաց, որ երկաթուղու վերականգնման համար ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ Միշելը խոսեց նաև արցախահայության իրավունքների ու անվտանգության մասին, շեշտեց այդ հարցերի հասցեագրման կարևորությունն ու Բաքվի և, իր ձևակերպմամբ, նախկին ԼՂԻՄ բնակչության ներկայացուցիչների միջև երկխոսության անհրաժեշտությունը: Պաշտոնյայի հայտարարության մեջ խոսք կա նաև Լաչինի ապաշրջափակման ու գերիների վերադարձի մասին: Միշելը Փաշինյանին և Ալիևին կրկին հրավիրեց Բրյուսել նաև ամառվանից հետո ու ևս մեկ հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ:
Այս հանդիպման, ԼՂ-ի ցույցի ֆոնին ուշագրավ հայտարարություն արեց նաև Մոսկվան: ԱԳՆ հայտարարությունը դատապարտում էր Լաչինի՝ ադրբեջանական շրջափակումը, բայց նշում՝ Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչվել ու դա փոխել է եռակողմ հայտարարության հիմնարար դրույթները, և այսուհետև մեղքը երրորդ կողմի վրա գցել պետք չէ: