ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ուկրաինացի օդաչուներին եվրոպական երկրներում F-16 կործանիչներ շահագործելու ուսուցմանը, CNN-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Նախագահը կանաչ լույս է վառել, և մենք կթույլատրենք, կաջակցենք, կօժանդակենք և կտրամադրենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի եվրոպացիները, երբ պատրաստ լինեն, ուկրաինացիներին սովորեցնեն F-16 շահագործել: Եվրոպական երկրները մի քանի շաբաթ են խնդրել նախապատրաստվելու համար»,- ասել է Սալիվանը:
Փետրվարին Բայդենը բացառել էր F-16-ների տեղափոխումը Կիև, քանի որ, նրա կարծիքով, դրանք Ուկրաինային դեռ պետք չեն։ Մայիսին ամերիկացի առաջնորդը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում ասել էր, որ Վաշինգտոնը կաջակցի դաշնակիցների ջանքերին՝ ուկրաինացի օդաչուներին պատրաստելու ամերիկյան կործանիչներ շահագործելուն։ ԱՄՆ-ը խոստացել է առաջիկա ամիսներին որոշել, թե որ երկիրն է փոխանցելու ինքնաթիռները և քանիսը։ Ուկրաինայի նախագահն էլ վստահեցրել է, որ արևմտյան կործանիչները չի օգտագործի Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար:
Դանիան, Նիդերլանդները, Բելգիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Վիլնյուսի գագաթնաժողովում հայտարարել են ուկրաինացի օդաչուների պատրաստման կոալիցիա ստեղծելու մասին: