2018-2022 թթ. պետբյուջեի ֆինանսավորմամբ Արարատի մարզում իրականացվել է 49 ծրագիր՝ ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018 թ. ծախսվել է 136,7 մլն դրամ, 2021-ին՝ 116,9, 2022 թ.՝ 103,4 մլն դրամ՝ Արարատի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ամփոփվում է 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մարզում 2018-ից մինչև օրս 100 կմ ճանապարհ է հիմնանորոգվել:
Վարչապետին է ներկայացվել նաև նույն ժամանակահատվածում իրականացված սուբվենցիոն ծրագրերը: 2018-22 թվականներին մարզում 233 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, 14.1 մլրդ պայմանգրային արժեքով, պետության մասնկացությունը հասել է 6.4 մլրդ դրամի: Միայն 2022-ին 6.9 մլրդ դրամի 19 ծրագիր է եղել: Նիկոլ Փաշինյանին նաև այս տարվա պատկերն են ներկայացրել՝ 33 հավանություն ստացած ծրագիր, 20.4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով՝ կեսից ավելին պետությունն է ֆինանսավորում:
Զեկուցվել է նաև մարզում գյուղատնտեսական հողերի իրավիճակը: Մոտ 24 հազար հա վարելահողերից օգտագործվում է 16 հազարը, 77.806 հա արոտավայրերից՝ 42 հազարը: Մարզում կա ավելի քան 16 հազար հա ցանքատարածություն, 13 հազար բազմամյա տնկարան, 370 հա ջերմոց: Կաթիլային ոռոգման համակարգ կա ավելի քան 1100 հա: Արարատի մարզի 2022 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 149.7 մլրդ դրամ՝ 8.8 մլրդ դրամով ավելի 2021-ից: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ: Այս կոնտեքստում կարևորվել է տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրումը: Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թթ. ծրագրով բյուջեից սուբսիդավորվել է 116 մլն դրամ, իսկ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվել է 667.5 մլն դրամ:
Մարզում շուրջ 438 հա ինտենսիվ այգի կա, դրանց հիմնման համար պետական բյուջեից սուբսիդավորվել է 783.5 մլն դրամ, ինչը 225 տոկոսով ավելի է 2021 թ. ցուցանիշից: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով պետբյուջեից ծախսվել է 24.5 մլն դրամ, ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման ծրագրով մարզին հատկացվել է մոտ 431 մլն, համայնքներում ոռոգման համակարգերի համար՝ 302 մլն դրամ: 31 բնակավայրերում անցկացվել է շուրջ 80 կմ ոռոգման ցանց, կառուցվել է 29,2 մլն խմ տարողությամբ Վեդու ջրամբարը:
Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով սուբսիդիան կազմել է 86 մլն, Գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրերով՝ 466 մլն դրամ:
2022-ին 490 գյուղապահովագրական պայմանագիր է կնքվել՝ 21-ի համեմատ աճը 120 տոկոս է: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով մարզին հատկացվել է 2.2 մլրդ, Գյուղատնտեսական հումքի գնումների համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար՝ 1.4 մլրդ դրամ:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2022 թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: 2021-ի համեմատ աճը կազմել է 14 %:
Վարչապետին է ներկայացվել առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Մարզի բժշկական կենտրոններում 2022-ի 137 մլն դրամի ներդրում է կատարվել: Մեկ առողջապահական կենտրոն գտնվում է շինարարության փուլում, մեկի շինաշխատանքներն ավարտված են: 2023-2026 թթ. նախատեսվում է կառուցել 7 առողջապահական կենտրոն: Վարչապետը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությամբ: Զեկուցվել է, որ Արտաշատի ԲԿ-ն համալրված է ժամանակակից սարքավորումներով, բնակիչները հիմա նախընտրում են հետազոտություններն անցնել մարզում և չմեկնել Երևան: 2018 թ. մատուցված ծառայությունների ծավալը 300 մլն դրամ էր, նախորդ տարի՝ ավելի քան 900 մլն դրամ:
2018-2022 թթ. ՀՏԶՀ, ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության կոմիտեն մարզում 2 դպրոց են կառուցել, 3-ի շինարարությունը շարունակվում է, 2-ը՝ նախագծման փուլում են, իսկ 5 դպրոցի շինաշխատանքներն էլ նախատեսում են սկսել այս տարի: Մարզում 2021-ին կամավոր ատեստավորվել է 22, 2022-ին՝ 84, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարի ատեստավորման համար դիմել է 500-ից ավելի ուսուցիչ: Մարզի 43 դպրոցներում սեփական միջոցների խնայողությունների հաշվին 225 մլն դրամի շինարարություն է կատարվել ու գույք ձեռք բերվել:
84 մակապարտեզներից հիմա գործում են 77-ը, 33-ը հիմնանորոգման կարիք ունեն: 2018-2022 թթ․ ընթացքում ՀՏԶՀ-ը մարզում կառուցվել է 4 մանկապարտեզ, քաղաքաշինության կոմիտեն հիմա կառուցում է մեկը: 2023 թ. համայնքները ներկայացրել են 5 սուբվենցիոն հայտ՝ 6,1 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է 35 բնակավայրերում կառուցել և հիմնանորոգել 37 մանկապարտեզ:
Նախորդ տարի մարզում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» 2 մրցաշար՝ սեղանի թենիսի ու խճուղավազքի: Համայնքներում կազմակերպվել են 46 մշակութային և 12 սպորտային միջոցառումներ:
Ամփոփելով՝ վարչապետը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է գեներացնել նոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Ըստ երկրի ղեկավարի՝ պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ և ընդգծել, որ գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի:
Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը: Վարչապետն ընդգծել է, որ պետք է մթերման գործընթացում գնալ ռազմավարական լուծումների: Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ: