Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ Գերմանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և հումանիտար խնդիրներին, ընդգծել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված` Լաչինի միջանցքի բացման հրամայականը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: