Հացահատիկի գործարքը դարձավ պատմություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Անկարան մինչև վերջ ջանքեր գործադրեց, որպեսզի փրկի սևծովյան պայմանավորվածությունները։ Թուրքիայի ղեկավարը չի բացառել նաև գործարքի հնարավոր վերականգնումը մինչև օգոստոս՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
Գերմանիայի կառավարությունը կոչ է արել Ռուսաստանին երկարաձգել հացահատիկի գործարքը, և դա անել անժամկետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի քարտուղարի տեղակալ Քրիստիանե Հոֆմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիան ի գիտություն է ընդունել Մոսկվայի հայտարարությունները գործարքի վերաբերյալ պայմանավորվածությունների խզման մասին, սակայն կոչ է արել ռուսական կողմին հնարավոր դարձնել հետագա պայմանավորվածությունները և «հակամարտությունը չբարդել առավել կարիքավորների ուսերին»:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ նախազգուշացրել է Ռուսաստանին հացահատիկի գործարքից դուրս գալու հետևանքների մասին, հայտնում է CBS-ը։
Նրա խոսքով՝ եթե Մոսկվան հրաժարվի երկարաձգել գործարքը, ապա մնացած աշխարհն ուշադրություն կդարձնի այն փաստին, որ Ռուսաստանը հրաժարվում է մատչելի գներով անհրաժեշտ պարենով ապահովել գլոբալ Հարավի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներին: Սալիվանը կարծում է, որ ապագայում Ռուսաստանը կարող է բախվել «հսկայական դիվանագիտական խնդիրների»։