ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԶՍՊՈՒՄ Է ՌԴ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ԶՈՒ ԳՇ
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակում են իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում՝ հայտնել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Կառույցի տվյալով՝ ուկրաինացի զինվորները համառորեն զսպում են ռուսական հարձակման փորձերը:
«Ռուսաստանի ուժերը հիմնականում կենտրոնացած են Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ, թեժ մարտերը շարունակվում են։ Մեկ օրում ընդհանուր առմամբ, 32 բախում է գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ ռուսական կողմը փորձում է կանխել ուկրաինական զորքերի առաջխաղացումը, իսկ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջխաղացում ունեն: Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական ուժերը թիրախավորել են մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով կան ավերածություններ:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կենտրոնացնում է հնարավոր բոլոր ռեսուրսները՝ խոչընդոտելու ուկրաինական զորքերի առաջխաղացումը արևելքում և հարավում:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Հնդկաստանի վարչապետին։ Նարենդրա Մոդին աշխատանքային այցով Փարիզ է մեկնել հուլիսի 13-ին։ Նա ներկա է եղել Ելիսեյան դաշտերում Ֆրանսիայի Ազգային տոնի պատվին կազմակերպված շքերթին, որին մասնակցել են հարյուրավոր հնդիկ զինվորականներ։
Երկկողմ հանդիպումից հետո ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Փարիզն ու Նյու Դելին մշակում են ճանապարհային քարտեզ, որը նախանշում է երկու երկրների գործակցության զարգացման ուղղությունները մինչև 2047 թվականը։ Մակրոնը հստակեցրել է, որ խոսքը պաշտպանական, տնտեսական, մշակութային և կրթական կապերի խորացման մասին է:
Մոդին իր հերթին ընդգծել է, որ Հնդկաստանն ու Ֆրանսիան պատասխանատվություն են կրում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության համար և մտադիր են այդ ուղղությամբ ևս գործակցության ճանապարհային քարտեզ մշակել:
ԻՐԱՔԻ ՇԻԱՆԵՐԸ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Շիա խմբավորումների կողմնակիցները Բաղդադում բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ ԱՄՆ քաղաքականության՝ գրում են իրաքյան լրատվամիջոցները:
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Բաղդադի «կանաչ գոտու» մուտքի մոտ, որտեղ գտնվում են կառավարական կառույցները և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները: Նրանք դատապարտել են Վաշինգտոնին՝ Իրաքի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաև շիա հրամանատարներին վերացնելու սպառնալիքների համար:
ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիայի կազմակերպիչները նաև հայտարարություն են տարածել՝ նշելով, թե ամերիկյան դեսպանատան առկայությունը Բաղդադում ոչ այլ ինչ է, քան Իրաքի ինքնիշխանության խախտում:
Երեկ լուրեր էին տարածվել, որ ավելի քան 3000 իրավապահ է ուղարկվել Բաղդադում ամերիկյան դեսպանատան տարածք՝ ապահովելու դիվանագիտական առաքելության անվտանգությունը։
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՆԱՎԵՐՆ ԱՐԴԵՆ 2 ՇԱԲԱԹ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄՏՆԵԼ ՍԵՎ ԾՈՎ. ՄԱԿ
Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնը ավելի քան երկու շաբաթ է՝ թույլտվություն չի տրամադրում հացահատիկի գործարքում ներգրավված նավերին մուտք գործել Սև ծով: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։
«Նախաձեռնությանը մասնակցելու 29 հայտ ենք ստացել, բայց հունիսի 27-ից ոչ մի նոր նավ միջանցք մտնելու թույլտվություն չի ստացել։ Ակնկալվում է, որ նավերի գրանցումը հնարավորինս շուտ կվերսկսվի»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա՝ քննարկելու հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, նշել է՝ Ռուսաստանը հացահատիկի գործարքի երկարաձգման մասին որևէ համաձայնության չի եկել, իսկ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետը դեռևս հայտնի չէ:
Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, պաշտոնական Մոսկվան զգուշացնում է՝ դուրս կգան Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի համատեղ սևծովյան համաձայնագրից, քանի որ ռուսական կողմի շահերը ոտնահարվում են: