Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Միշելը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նա հանդիպումը բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և բովանդակալից»։
Հիշեցնելով այս տարվա մայիսից ի վեր տարբեր երկրների միջնորդությամբ կայացած հանդիպումները՝ Միշելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ բանակցություններ են ընթանում։
«Ես ողջունել եմ երկու ղեկավարների հանձնառությունը խաղաղության գործընթանցին և խրախուսել նրանց՝ կատարելու խիզախ քայլեր` ապահովելու վճռական և անշրջելի առաջընթաց կարգավորման գործընթացում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը, հավելել՝ չնայած դրան՝ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է։
Միշելի խոսքով՝ օրակարգում եղած բոլոր հարցերը քննարկվել են։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ ամբողջապես վերահաստատեցին հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ 29,8 հազար քկմ Հայաստանի և 86,6 հազար քկմ Ադրբեջանի դեպքում։ Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ընդունել 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ»,- ասել է պաշտոնյան, հավելել՝ կողմերը համաձայնել են ակտիվացնել սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը։ Նա նաև ողջունել է հուլիսի 12-ին սահմանային հարցերով հանձնաժողովների հանդիպումը:
Անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Միշելն ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հարգմամբ։ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար ԵՄ-ն, ըստ Միշելի, պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։ Նա նաև ընդգծել է, որ կողմերն անցած 2 ամսվա ընթացքում այդ ուղղությամբ առաջընթաց են արձանագրել:
Միշելի խոսքով՝ առաջնահերթ է համարվել երկաթուղու շինարարությունը, որի համար ԵՄ-ն պատրաստ է տրամադրել ֆինանսավորում: «Այդ հարցում որոշ մանրամասներ դեռևս պարզաբանման կարիք ունեն, սակայն կողմերն ավելի են մոտենում միմյանց, և տարբերակներն ավելի ակտիվորեն են քննարկվում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Եվրոպական խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»։ Նրա կարծիքով՝ իրավիճակը կայուն չէ և չի բխում որևէ մեկի շահերից։ Միշելի խոսքով՝ քննարկվել են հստակ քայլեր՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ «Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, և նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը` հավասարապես իրականացնելու մարդասիրական մատակարարումներ Աղդամի միջոցով: Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և հորդորում եմ կողմերին, որպեսզի ապահովեն բնակչության կարիքների բավարարումը»,- ասել է Միշելը, ողջունել առողջապահական նկատառումներով մարդկանց տեղափոխումը Կարմիր խաչի օգնությամբ։
Միշելի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն անհրաժեշտ են «վերահավաստիացումներ՝ առաջին և ամենակարևոր հերթին՝ կապված նրանց իրավունքների և անվտանգության հետ։ Ես արտահայտեցի ԵՄ աջակցությունը ուղղակի երկխոսությանը Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ի բնակչության ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավված կողմերի համար»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ երկու ղեկավարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հեշտացնելու սահմանը ակամա հատած ձերբակալվածների վերադարձը։ «Ես հորդորել եմ երկու կողմերին՝ ապահովել ձերբակալվածների վերադարձը»,- նշել է նա: Անհետ կորած անձանց և ականազերծման հարցերին ևս անդրադարձ է եղել։
Միշելը տեղեկացրել է, որ կողմերը միմյանց հետ սերտ կապ կպահեն՝ ապահովելու բոլոր քննարկված և համաձայնեցված հարցերի մանրակրկիտ իրականացումը: «Առաջընթացը կախված է առաջիկայում իրականացվելիք քայլերից»,- ասել է նա:
Միշելը հավելել է, որ բռնությունը և կոպիտ հռետորաբանությունը պետք է դադարեն՝ խաղաղության և կարգավորման համար հիմք ստեղծելու նպատակով։ Նա Փաշինյանին և Ալիևին հրավիրել է այցելել Բրյուսել ամառվանից հետո, ինչպես նաև ևս մեկ հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում։