33 մլրդ 362 մլն դրամի օտարերկրյա ուղղակի ներդրում՝ տնտեսության իրական հատվածում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալի՝ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղղակի ներդրումներն աճել են մոտ 10 մլրդ 928 մլն դրամով:
Ներդրումների առաջին տեղում Ռուսաստանն է՝ մոտ 37.9 մլրդ դրամ, ապա Կիպրոսը՝ 13.6 մլրդ, հաջորդում է Լյուքսեմբուրգը՝ 4.9 մլրդ դրամ: Մի քանի երկրի դեպքում ներդրումների որոշակի տեղաբաշխում է եղել առաջին եռամսյակում, ինչն ազդել է ընդհանուր ցուցանիշի տարբերության վրա: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով՝ տրամաբանական է, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանից է ամենամեծ հոսքը, մատնանշում է նաև վրացական ներդրումները:
Շիրակ Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Վրաստանի հետ կապված՝ բավական ուրախալի է՝ 1 մլրդ-ից ավելի ներդրումներ ենք դիտարկում Հայաստանում, և սա նաև Կառավարության ծրագրի Վրաստանի հետ առևտրատնտեսական փոխհարաբերությունների զարգացման ծրագրի մեջ է մտնում»: «Այս երևույթին ականատես ենք լինում վերջին ժամանակներում, սա նորություն է, և հուսանք, որ այս միտումը կշարունակվի:
Բացի վերոնշյալ երկրներից՝ Հայաստանում առաջին եռամսյակում ներդրում են իրականացրել նաև ԱՄՆ-ից, Ղազախստանից, Բելգիայից, Սլովենիայից, Հունգարիայից, նաև Լիբանանից: Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճը, ներդրումային գրավիչ միջավայրը չէր կարող ազդեցություն չունենալ օտարերկրյա ներդրումների ծավալի վրա՝ արձանագրում են փորձագետները:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը, որը հիմքեր է ստեղծում Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար, Հայաստանը դառնում է ավելի գրավիչ ներդրումային միջավայր ունեցող երկիր, մյուս կողմից էլ՝ մեր ներքին գործոններն են էս առումով բարենպաստ: Մենք ունենք բավականին բարձր տնտեսական ակտիվություն, ցածր գնաճ, վարկանիշի բարելավում... որը թույլ է տալիս ներդրողների համար գրավիչ դարձնել միջավայրը:
Օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղություններ են` մետաղական հանքաքարի արդյունահանումը՝ 17.5 մլրդ, էլեկտրականության, գազի մատակարարումը՝ 14 մլրդ դրամ, հանքարդյունաբերության հարակից ոլորտները՝ 4.5 մլրդ և օդային տրանսպորտը՝ 4.2 մլրդ դրամ:
Շիրակ Թորոսյան - Ոլորտները կրկին ավանդական են՝ հանքարդյունաբերություն, էներգակիրներ, բայց մենք նոր միտում ենք նկատում այս տարվա ուղղակի ներդրումների մեջ՝ դա գիտատեխնիկական ոլորտն է, որտեղ մոտ կես միլիարդ դրամի ուղղակի ներդրումներ է դիտվում:
Այս հոսքերը, ըստ Էդգար Աղաբեկյանի, կարևոր են, քանի որ մեծացնում են տնտեսական աճի պոտենցիալը, նշում նաև խոչընդոտող գործոնները.
Էդգար Աղաբեկյան - Ճյուղային կառուցվածքն ըստ էության ցույց է տալիս մեր ներուժը տնտեսության և գրավչությունը էդ ճյուղերի, և բնականաբար, որպեսզի այլ ոլորտներում կարողանանք մեծացնել ուղղակի ներդրումների ծավալները, մենք պիտի աշխատենք էդ ուղղությամբ, փորձենք էդ ոլորտները գրավիչ դարձնել, ուղղակի էստեղ մենք խնդիր ունենք շուկայի փոքր ծավալների, որը մեզ համար հիմնական խոչընդոտն է:
Նախորդ տարի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 181.8 մլրդ դրամ է կազմել, ֆորմսաժորների բացակայության դեպքում, ըստ մասնագետների՝ այս ցուցանիշը հնարավոր է՝ տարեվերջին գերազանցվի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան