Հարավային Կորեան մտադիր է այս տարի 150 մլն դոլար հատկացնել՝ Ուկրաինային հումանիտար աջակցության համար։ Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրել է, որ անցած տարի իր երկիրը Կիևին 100 միլիոն դոլարի աջակցություն էր տրամադրել: Յունը հույս է հայտնել, որ կհաջողվի նաև համապատասխան ռազմական օգնություն ապահովել:
Կորեայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Սեուլը և Կիևը պայմանավորվածություն են ձեռք բերել ականազերծման սարքավորումների մատակարարման հարցում: «Ես ու նախագահ Զելենսկին կարծում ենք, որ այժմ Ուկրաինայի համար ամենակարևորը հաղթանակն ու անվտանգությունն են»,- ասել է Յունը։
Վոլոդիմիր Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ պարենի, էներգետիկայի և գլոբալ անվտանգության ոլորտներում Կիևին աջակցելու համար: