ԿՈՐԵԱՆ ՄՏԱԴԻՐ Է 150 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Կորեան մտադիր է այս տարի 150 մլն դոլար հատկացնել Ուկրաինային հումանիտար աջակցության համար, Կիևում Ուկրաինայի նախագահ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Կորեայի նախագահը։ Յուն Սոկ Յոլը հիշեցրել է, որ անցած տարի իր երկիրը Կիևին 100 միլիոն դոլարի աջակցություն էր տրամադրել: Նա հույս է հայտնել, որ կհաջողվի նաև համապատասխան ռազմական օգնություն ապահովել:
Կորեայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Սեուլը և Կիևը պայմանավորվածություն են ձեռք բերել ականազերծման սարքավորումների մատակարարման հարցում:
«Ես ու նախագահ Զելենսկին կարծում ենք, որ այժմ Ուկրաինայի համար ամենակարևորը հաղթանակն ու անվտանգությունն են»,- ասել է Յուն Սոկ Յոլը։
Վոլոդիմիր Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ պարենի, էներգետիկայի և գլոբալ անվտանգության ոլորտներում Կիևին աջակցելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԶՍՊՈՒՄ Է ՌԴ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ԶՈՒ ԳՇ
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակում են իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում, հայտնել է երկրի ԶՈւ գլխավոր շտաբը։ Կառույցի տվյալով՝ ուկրաինացի զինվորները համառորեն զսպում են ռուսական հարձակման փորձերը:
«Ռուսաստանի ուժերը հիմնականում կենտրոնացած են Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ, թեժ մարտերը շարունակվում են։ Մեկ օրում, ընդհանուր առմամբ, 32 բախում է գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ ռուսական կողմը փորձում է կանխել ուկրաինական զորքերի առաջխաղացումը, իսկ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջխաղացում ունեն: Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական ուժերը թիրախավորել են մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով կան ավերածություններ:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կենտրոնացնում է հնարավոր բոլոր ռեսուրսները՝ խոչընդոտելու ուկրաինական զորքերի առաջխաղացումն արևելքում և հարավում:
ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՀԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։
Կրեմլից հայտնել են, որ երկու երկրի ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցով Աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը: Նախագահները պայմանավորվել են Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնել երկկողմ և միջազգային օրակարգի վերաբերյալ կարծիքների փոխանակման համար:
Քննարկվել է նաև սևծովյան գործարքը: Պուտինը հայտարարել է, որ հացահատիկային գործարքի երկարաձգման համար Ռուսաստանի պայմանները չեն կատարվել, ռուսական սննդամթերքը և պարարտանյութերը չեն արտահանվել:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին:
Երկկողմ հանդիպումից հետո ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Փարիզն ու Նյու Դելին մշակում են ճանապարհային քարտեզ, որը նախանշում է երկու երկրների գործակցության զարգացման ուղղությունները մինչև 2047 թվականը։ Մակրոնը հստակեցրել է, որ խոսքը պաշտպանական, տնտեսական, մշակութային և կրթական կապերի խորացման մասին է:
Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանն ու Ֆրանսիան պատասխանատվություն են կրում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության համար և մտադիր են այդ ուղղությամբ ևս գործակցության ճանապարհային քարտեզ մշակել:
Ֆրանսիական լրատվականները գրում են, որ Հնդկաստանը և Ֆրանսիան նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր են մշակում, որը տարբերվում է մինչ այս ներկայացված բոլոր նախաձեռնություններից: