Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը կասեցնելու և ժողովրդի դեմ իրագործվող զանգվածային հանցագործություններն ու ահաբեկչությունը կանխելու կոչով Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարներին, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր:
Նամակներում Հարությունյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, հիշեցրել՝ Ադրբեջանը խոչընդոտում է նաև Կարմիր խաչի միջոցով բուժման կարիք ունեցող քաղաքացիների տեղաշարժը:
Արայիկ Հարությունյան ԼՂ նախագահ - Հունիսի 25-ից հուլիսի 10-ը խիստ սահմանափակ ծավալներով վերականգնվել էր միայն Կարմիր խաչի միջոցով հրատապ խնդիրներ ունեցող բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև որոշակի դեղորայքի ներկրումն Արցախ, իսկ հուլիսի 10-ից Կարմիր խաչի տեղաշարժը կրկին արգելափակված է:
Արայիկ Հարությունյանը շեշտել է` ողջ ընթացքում Ադրբեջանը կիրառել և կիրառում է ուժ և ուժի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ՝ էթնիկ ատելության և ահաբեկչության ակնհայտ դրսևորումներով ու էթնիկ զտման անթաքույց նպատակով:
Արայիկ Հարությունյան - Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակաբար խոչընդոտվում է շփման գծին հարակից շուրջ 10 000 հեկտար հողերում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը, որը կազմում է մշակված ընդհանուր հողատարածքների զգալի մասը: Հատկապես հունիսի 15-ից բոլոր հումանիտար մատակարարումների կասեցման և բացառապես ներքին պաշարների օգտագործման հետևանքով օրեցօր սրվում է հումանիտար վիճակը:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նամակների հասցեատերերին հայտնել է՝ առկա է սննդի, վառելիքի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի խնդիր, առաջին անհրաժեշտության մթերքի և վիտամինների պակասի պատճառով առաջին հերթին մոտ 2000 հղիները և շուրջ 30 000 երեխաները ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում:
Արայիկ Հարությունյան - Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումները և վառելիքի ու այլ անհրաժեշտ պարագաների սղությունը բազմաթիվ բնակավայրերի ջրամատակարարման և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների գործունեության լրջագույն խափանումների պատճառ են դառնում: Շրջափակման և էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների խափանման պատճառով շուրջ 12 000 անձ դարձել է գործազուրկ ու զրկվել եկամտի աղբյուրից, ինչը մասնավոր հատվածում փաստացի աշխատող անձանց ավելի քան 60 տոկոսն է:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ Ադրբեջանի գործողությունները խորացնում են հումանիտար ճգնաժամը և բարենպաստ հող նախապատրաստում, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վերաճեն ցեղասպանության։
Արայիկ Հարությունյան - Նման պայմաններում ցավով արձանագրում ենք, որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ չի կատարում և շարունակաբար ոտնահարում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ու բազմաթիվ պետությունների պահանջներն ու հորդորները: Ավելին, միջազգային անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետևողականորեն զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները:
Լեռնային Ղարաբաղի նախագահը շեշտել է՝ առկա իրավիճակը պայթյունավտանգ է և հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար:
Հեղինակ` Նորայր Շողիկյան