ԲԼԻՆՔԵՆԸ ԵՎ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջակարտայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Պաշտոնյաները քննարկել են հուլիսի 11-12-ը Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և Աֆղանստանում զարգացումները։
Ասոցիացիայի հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովը չի շփվել ամերիկյան պատվիրակության հետ, առաջիկայում հանդիպումներ ևս չեն ակնկալվում:
«ՎԱԳՆԵՐԸ» ՓԱՍՏԱՑԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կվտանգի Ռուսաստանի անվտանգությունը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը հենց Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի անդամակցության հնարավորությունն է:
Ռուսաստանի նախագահը նաև տեղեկացրել է՝ ինչ առաջարկներ է ներկայացրել Վագներին:
«Նրանք բոլորը կարող էին հավաքվել մեկ վայրում և շարունակել ծառայել՝ իրենց հրամանատարի ղեկավարության ներքո: Շատերը գլխով էին անում՝ ի նշան համաձայնության: Բայց Պրիգոժինը վերջում ասաց՝ տղաները համաձայն չեն», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ «Վագներ»-ը փաստացի գոյություն չունի, քանի որ Ռուսաստանում մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին օրենք չկա։
Միաժամանակ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Վագներ»-ի մարտիկները մարզում են Բելառուսի տարածքային պաշտպանության ուժերին և կիսում մարտի դաշտում անհրաժեշտ մարտավարական հմտությունների փորձը:
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՄ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ սպասում է Եվրամիության արձագանքին՝ կապված Թուրքիայի համար վիզայի ռեժիմը չեղարկելու և կառույցին Անկարայի անդամակցության բանակցությունների վերսկսման հետ։ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ այդ հարցերը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում մանրամասն քննարկել է ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ: Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կհաստատի Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը, եթե Եվրամիությունը կանաչ լույս վառի Անկարայի համար և ընդունի Միության կազմ:
Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցին: Նա նշել է՝ դա տեղի կունենա օգոստոսին: Էրդողանի խոսքով՝ օրակարգում է լինելու հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը:
Ռուսաստանը հացահատիկի գործարքի երկարաձգման մասին որևէ համաձայնության չի եկել, հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ՝ Կրեմլի խոսնակը նաև հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետը դեռ հայտնի չէ:
ԿԻԵՎՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ. ՊԵՆՏԱԳՈՆ
Կիևն արդեն ստացել է կասետային զինամթերք, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Դուգլաս Սիմսը: Նա հավելել է՝ Ուկրաինային դրանք ԱՄՆ-ից բացի տրամադրել են նաև մի շարք այլ երկրներ։ Ուկրաինայի զինված ուժերը հաստատել է, որ Կիևն արդեն ստացել է խմբաքանակը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է՝ եթե ուկրաինական ուժերը կասետային զինամթերք օգտագործեն, Ռուսաստանը հակաքայլեր կձեռնարկի։
Վոլոդիմիր Զելենսկին էլ վստահեցրել է՝ ուկրաինական բանակը մտադիր է կասետային զինամթերք օգտագործել բացառապես ռազմական օբյեկտների դեմ։
ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ԳՇ
Թեժ մարտերը շարունակվում են՝ հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նշվում է, որ ռուսական կողմը հիմնականում կենտրոնացած է Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ։ Գլխավոր շտաբի տվյալով՝ երեկ շուրջ 30 բախում է գրանցվել, ռուսական ուժերն օդային, հրետանային և ականանետային հարձակումներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։
«Սակայն ուկրաինացի մարտիկներն պահում են պաշտպանության գիծը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական կողմի տվյալով՝ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջընթաց ունեն:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՇՈԳԻ ԴԵՄ
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ հատուկ միջոցներ կկիրառեն՝ բնակչությանը 40 աստիճան շոգից պաշտպանելու համար։ Ակրոպոլիսը և զբոսաշրջային այլ կենտրոններ օրվա ընթացքում փակ կլինեն, բացօթյա աշխատանքները չեղարկվել են։ Նշվում է, որ երկրի որոշ հատվածներում շոգը կարող է հասնել Ցելսիուսի սանդղակով 44 աստիճանի:
Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ Աթենք, Սալոնիկ ու Լարիսա բնակավայրերը և ընդհանուր առմամբ Հարավային Եվրոպան բախվում են ծայրահեղ շոգի, ինչը կարող է ազդել մարդկանց ինքնազգացողության վրա: