«Արիա» վոկալ ստուդիայի երգչուհիներին այսպես դիմավորեցին Էջմիածնում։ Նրանք Լիտվայի Կլայպեդա քաղաքում «Բալթիկ վոյս» միջազգային մրցույթից երկու մրցանակով են վերադարձել՝ առաջին տեղ ու գրան պրի։
Լարիսա Պետրոսյան (երգչուհի, «Բալթիկ վոյս» մրցույթի բրոնզե մրցանակակիր) - Ես ներկայացել եմ և՛ սոլո կատարմամբ, և՝ անսամբլում, շահել եմ բրոնզե գրան պրին: Սկզբից թերահավատորեն էին մոտենում, բայց երբ մեր ելույթները տեսան, ապշել էին, մոտենում, շնորհավորում էին։ Կատարում էի Էտա Ջեյմսի ջազային գործերից:
2017 թվականին ստեղծված խումբը միջազգային այլ մրցույթների էլ է մասնակցել, բայց առաջին մրցանակի առաջին անգամ է արժանանում. մրցույթը հեշտերից չի եղել․ 19 երկիր է մասնակցել, կատարումները գնահատել է 11 հոգանոց միջազգային ժյուրին։
Անահիտ Կոշկարյան (Էջմիածնի «Արիա» վոկալ ստուդիայի ղեկավար) - Մի բան է, երբ գիտես՝ Հայաստանի ժյուրին ինչն է գնահատում, երգեցողության որ որակն է գնահատում, մեկ այլ բան է, երբ Շվեդիայի, Իսրայելի կամ այլ երկրի ներկայացուցիչն է ամենաբարձր գնահատականը դնում՝ քեզ համարելով որակյալ երգիչ այդ ամբողջի մեջ։
Հաղթանակի իրենց հնարավորությունները թեև բարձր են համարել, բայց չեն թերագնահատել մրցակիցներին՝ գիտեին՝ ուժեղ մրցակություն է լինելու։ Իրենց համար հիմնական բարդությունն այն էր, որ չեն իմացել՝ ինչ չափորոշիչներով է գնահատելու ժյուրին։ Մագդան չի թաքցնում՝ լարված է եղել։
Մագդա Ստեփանյան («Բալթիկ վոյս» մրցույթի 2-րդ կարգի մրցանակակիր) - Անսամբլի հետ երգելիս ավելի հանգիստ էի, քանի որ թիմային էր, իսկ երբ մենակ ես երգում, դժվար է, ամեն ինչ կախված է քեզնից։
«Արիայի» բազմաձայն կատարումները հիացրել են թե՛ ժյուրիին, թե՛ հանդիսատեսին։ Համերգից հետո շատերն են մոտեցել աղջիկներին ու խմբի ղեկավարին, շնորհակալություն հայտնել գրագետ կատարումների համար։ Իրենց հիացմունքը չեն թաքցրել նույնիսկ մրցակից երկրների ներկայացուցիչները։
Անահիտ Կոշկարյան - Իրենց օպերային թատրոնի երգչուհին մոտենում, ասում է՝ կեցցեք, լավ եք երգում, կարծում եմ՝ բարձր գնահատական է։ Չեմ լսել իմ կոլեգայից, որ ենթադրենք՝ չի ուզում ինձ նեղացնի, այլ լսել եմ օտար մեկից, որը հաճոյանալու կարիք չունի։
Հայաստանը ներկայացնելը չափազանց պատասխանատու է եղել խմբի համար։ Աղջիկները կարողացել են բալթյան բեմից մի քանի անգամ հնչեցնել Հայաստան անունը։ Նրանք նաև նոր ծանոթություններ են հաստատել, պատմել մեր երկրի մասին։
Լյուսի Մայիլյան («Բալթիկ վոյս» մրցույթի մրցանակակիր) - Ես իրենց պատմում էի Հայաստանի մշակույթի մասին։ Կային երեխաներ, որ ճանաչում էին, կային նաև, որ չէին լսել Հայաստանի մասին։
Խմբի ղեկավարի խոսքով՝ չնայած մրցանակները բոլորին էլ ոգևորում են, բայց մրցույթներում իրենց համար ամենակարևորը հիշարժան ելույթ ունենալն է: Վստահ են՝ լավագույն բեմերը դեռ առջևում են։