Փետրվարից մինչև հուլիսի 10-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 299 դեպք: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ցուցանիշը համարում են աննախադեպ:
Գայանե Սահակյան (ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - 2007-ից սա աննախադեպ է. տարի է եղել, որ առավելագույնը 30 դեպք ենք ունեցել, 15 դեպք, 10 դեպք, բայց երբեք 299-ի չի հասել:
Սուր վարակիչ այս հիվանդությունը սկզբում արտահայտվում է բարձր ջերմությամբ ու հարբուխով:
Հռիփսիմե Հարությունյան (ՀՀԱՆ ԻՀԱԿ-ի բժիշկ-ինֆեկցիոնիստ) - 3-4 օր հետո հաջորդում է ցանային շրջանը, որը սկսվում է դեմքի շրջանից, տարածվում է պարանոցի շրջանում, այնուհետև իջնում է մարմին, վերջույթներ, որը տևում է էլի 3-4 օր: Ընդհանուր՝ հիվանդությունը տևում է մոտ 10 օր:
Վարակի տարածումը կանխելու նպատակով կատարվում են պլանային 2 չափաբաժնով պատվաստումներ: Պատվաստումը չի չեզոքացնում, բայց փոքրացնում է վարակվելու հավանականությունը:
Գայանե Սահակյան - Հաշվի առնենք նաև այն փաստը, որ գերազանց մեծամասնությունը՝ 82 տոկոսը, ընդհանրապես չպատվաստված անձինք են, իսկ մնացածը ՝ թերի պատպաստվածներ
Հիվանդության խոցելի խումբ են համարվում մինչև մեկ տարեկան երեխաները, հղիները, խրոնիկ հիվանություններով տառապողները: 299 վարակվածից 203-ը երեխա են:
Անի Սարգսյան (ծնող) - Վեց տարեկան էր աղջիկս, երբ վարակվեց: Կարմրուկի դեմ պատվաստվել էր 2 տարեկան ժամանակ, երկու դեղաչափն էլ ստացել էր:
Գայանե Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում կարմրուկի տարածումը պայմանավորված է քիչ պատվաստումներով, զբոսաշրջության ակտիվացմամբ, որի հետևանքով շատ են դրսից բերովի դեպքերը:
Գայանե Սահակյան - Վերջին դեպքը հենց երեկ ենք ունեցել, կլինիկական ամբողջ ախտանշաններով: Լրիվ կարող ենք ասել, որ դա ևս բերովի դեպք է՝ Մոսկվայից ժամանած:
Վիրուսի վերջին մեծ բռնկումը եղել է 2004-2006 թթ., գրանցվել է 4066 դեպք: 2007-ին իրականացվել է զանգվածային պատվաստում 7-28 տարեկանների շրջանում:
Գայանե Սահակյան - Շատ կարճ ժամանակամիջոցում՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում, մոտ 1 մլն մարդ պատվաստվեց: Սա հենց նպաստավոր այն միջավայրը ստեղծեց, որ հետագայում մենք նա՛խ կարմրուկի դեպքեր երկար ժամանակ երկրում չէինք գրանցել, և հետո՝ բերովի դեպքերի հետ կապված այն տարածում չէր ստանում այն:
Պլանային պատվաստումներ կատարվում են նաև հիմա: Փետրվարյան բռնկումից հետո մինչև հուլիսի սկզբին կատարվել է 30 000-ից ավելի պատվաստում:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան