Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Հնդկաստանի վարչապետին։ Նարենդրա Մոդին երկօրյա այցով Փարիզ է ժամանել հուլիսի 13-ին։ Նա ներկա է եղել Ելիսեյան դաշտերում Ֆրանսիայի Ազգային տոնի պատվին կազմակերպված շքերթին, որին մասնակցել են հարյուրավոր հնդիկ զինվորականներ։
Երկկողմ հանդիպումից հետո ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Փարիզն ու Նյու Դելին մշակում են ճանապարհային քարտեզ, որը նախանշում է երկու երկրների համագործակցության զարգացման ուղղությունները մինչև 2047 թվականը։ Մակրոնը հստակեցրել է, որ խոսքը տնտեսական, մշակութային և կրթական կապերի խորացման մասին է:
Մոդին իր հերթին ընդգծել է, որ Հնդկաստանն ու Ֆրանսիան պատասխանատվություն են կրում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության համար և մտադիր են պատրաստել այդ ուղղությամբ համագործակցության ճանապարհային քարտեզ:
Ֆրանսիան և Հնդկաստանը այս տարի նշում են ռազմավարական գործընկերության 25-ամյակը: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել այդ համագործակցությունը։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի պաշտպանական գնումների խորհուրդը հավանություն է տվել Ֆրանսիայից 26 Rafale-M բազմաթիրախային տախտակամածային կործանիչների և 3 Scorpene սուզանավերի գնմանը: Ակնկալվում է, որ գնման ընդհանուր արժեքը կկազմի մոտ 800 միլիարդ ռուփի (9,75 միլիարդ դոլար)։