32 միլիարդ դրամ ու 20 անշարժ գույք. Դատախազության պահանջն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նրա կնոջից, զավակներից, հարսներից ու դստեր ամուսնուց: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի գույքի օրինականության վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել է 2020-ից հոկտեմբերից:
Գևորգ Քոչարյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Նախնական տվյալներով՝ ապօրինի են դիտվել մեր կողմից և ապահովման միջոցներ են կիրառվել թվով 20 անշարժ գույքի նկատմամբ, որոնց մեծ մասը Երևանի կենտրոն համայնքում են՝ էլիտար շենքերում:
Կալանքի տակ դրված 20 անշարժ գույքի թվում են՝ Տերյան 66, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքերի բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ: Բռնագանձման է ենթակա նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունն ու Իսակովի պողոտայում 2 անշարժ գույք: Նաև՝ 2 տրանսպորտային միջոց, հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում մասնակցություն: Կալանք է դրվել նաև.
Գևորգ Քոչարյան - Շուրջ 1.5 մլն դոլարի չափով ավանդների և այլ արժեթղթերի նկատմամբ, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների ապօրինի մասերի չափով որը ընդհանուր մոտ 10 մլրդ դրամ է կազմում և ընդհանուր առմամբ՝ շուրջ 22 մլրդ դրամի չափ գումարային դրամական պահանջ է ներկայացվել, որը ապօրինի ծագում ունեցող բայց չծախսված դրամական միջոցների մնացորդ է:
Արգելանք է դրվել նաև «Տոյոտա Երևանի» 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի վրա, որը, ըստ դատախազի, գրանցված է Լևոն Քոչարյանի անվամբ, Կոնգրես հյուրանոցի, Play city-ի վրա: 20 գույքի ընդհանուր շուկայական արժեքը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Քոչարյանին են պատկանում մի շարք բանկեր եւս:
Գևորգ Քոչարյան - Մեր ուսումնասիրության արդյունքներով առայժմ` այս պահի դրությամբ, նման տվյալներ ձեռք չեն բերվել:
Դատախազությունը Քոչարյանների գույքի ձեռքբերման ուսումնասիրությամբ հետ է գնացել մինչև 90-ականներ:
Գևորգ Քոչարյան - Ընտանիքի աշխատավարձի և Ռոբերտ Քոչարյանի` որպես պաշտոնաթող նախագահի, ստացած կենսաթոշակների հանրագումարը կազմել է ավելի քան 400 մլն դրամը: Բացի այդ, եւս շուրջ 1.2 մլդր դրամի չափով եկամուտ հաշվարկվել է Ռոբերտ Քոչարյանի ռուսաստանյան «Սիստեմա» ընկերության կողմից: Ընդհանուր եկամուտները, որոնք որ միանշանակ օրինական են դիտվել, կազմում է մոտ 1.6 մլդր դրամ:
Ըստ դատախազի՝ նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը մի քանի անգամ գերազանցել են օրինական եկամուտները:
Գևորգ Քոչարյան - Առաջին գույքը, որը դիտվել է ապօրինի, 2001 թվականի ընթացքում Սեդրակ Քոչարյանի անվամբ ձեռք բերված պարտատոմսեր են եղել, որոնց ձեռքբերումը չի հիմնավորվել օրինական եկամուտներով:
Դատախազի խոսքով՝ սրանք դեռ նախնական ուսումնասիրության արդյունքներն են. մինչև դատարան հայց ներկայացնելը հնարավոր է` նոր տվյալներ ստացվեն: Թե ով է այս գործով Քոչարյանների ներկայացուցիչը՝ պարզ չէ, «Լուրեր»-ը փորձեց ուսումնասիրությունների վերաբերյալ դիրքորոշում ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, սակայն հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան