Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց համաձայն ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դրությունը։
Համարում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի ու հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կյանքի կոչումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ռուսական կողմը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված՝ միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու մտադրությունը։ Պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը՝ հաջորդիվ Մոսկվայում ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովում հիշատակված փաստաթուղթը ստորագրելու համար:
Մտահոգիչ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։ Այդ տարածքում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքներն ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար։
Խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։