ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային քննարկում` Երևանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել և տեսակետներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Էդգար Հակոբյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ ու մասնագետներ:
Գևորգ Պապոյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Երևանի քաղաքապետարանին հնարավորության տալ թողարկելու համայնքային պարտատոմսեր` լրացուցիչ ֆինանսական միջոցներ գեներացնելու նպատակով, որոնք ուղղվելու են մայրաքաղաքի զարգացմանը, բազմաթիվ խնդիրների լուծմանը, տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը, դպրոցաշինությանը և այլն: Ըստ նրա` այսօր էլ նման հնարավորություն կա, բայց փաստացի այդ հնարավորությունը շատ սահմանափակ է` մոտավորապես 8-10 մլն դրամ, ինչը ֆոնդային բորսայի տրամաբանությամբ շատ սահմանափակ է, որն էական ազդեցություն չի կարող ունենալ քաղաքապետարանի գործունեության վրա: Այդ պատճառով էլ պարտատոմսեր, արժեթղթեր երբևէ չեն թողարկվել:
Գևորգ Պապոյանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը ձեռնարկել է որոշակի գործընթաց, որպեսզի այդ հնարավորության ծավալները մեծանան: «Բայց այստեղ կան որոշակի ռիսկեր, բարդություններ, և իմ մոտեցումն է, որ կարելի է ստարտային, փոքր քայլով սկսել` հետագայում հստակ կանոնակարգելով բոլոր խնդիրներն ու հարցերը` ընդհուպ մինչև այդ իրավունքից զրկելը»,- ասել է նա:
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը նշել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փաթեթը թույլ կտա համայնքին որոշակի ֆինանսական այլ աղբյուրներ ունենալ, դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները` գոնե 10-15 մլրդ դրամի չափով թողարկել համայնքային պարտատոմսեր: Ըստ նրա` նշված որոշման համար հիմք է հանդիսացել նաև Կառավարության 2020 թվականի Կապիտալ շուկայի հաստատման մասին որոշումը, որում նշված է, որ Երևան քաղաքի կողմից պարտատոմսերի շուկայի միջոցով պետք է իրականացնել ֆինանսավորում. մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ն առնվազն մեկ թողարկում պետք է կատարվեր: «Մենք, ցավոք, այդ պահանջը խախտել ենք, քանի որ ունենք որոշակի սահմանափակումներ: Առաջինը` «Բյուջետային համակարգի մասին» օրենքով պարտատոմսը պարտադիր պետք է ունենա նպատակայնություն, այսինքն` պետք է լինի սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակ, ինչը լուրջ սահմանափակում է, քանի որ այն եկամտաբեր չէ: Երկրորդ` նույնպես լուրջ սահմանափակում է մեզ համար` ներգրաված գումարի չափի և տարեկան սպասարկման մասով, այսինքն` 300 մլն դրամից ավելի թողարկում չենք կարող իրականացնել: Հաջորդը` մեկից ավելի վարկ ստանալու արգելքն է»,- ասել է Արման Ջհանգիրյանը: Նա նաև անդրադարձել է հիմնական փոփոխություններին: Ըստ այդմ` առաջարկվում է ավագանուն տալ լիազորություն` որոշում ընդունելու վարկերի և փոխառությունների ներգրավման կարգով այլ փոխառությունների ներգրավման համար և պարտատոմսեր թողարկելու վերաբերյալ: Սահմանվում են փոխառու միջոցների ներգրավման և սպասարկման այլ ուղենիշներ` կապելով սեփական եկամուտների հետ: Մասնավորապես, առաջարկվել է ոչ ավելի, քան 30 տոկոսի գաղափարը: Հաջորդ կարգավորումով հանվում է մեկ գործող վարկ ունենալու պահանջը` թողնելով միայն սեփական եկամուտի մեծությունից բխող տոկոսային սահմանափակումը: Պարտքի ներգրավումը կարող է տեղի ունենալ Ֆինանսների նախարարության համաձայնությամբ:
Գևորգ Պապոյանը կարգի առնչությամբ բարձրաձայնել է, թե ինչն է խանգարել ունենալ այդ կարգը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ի պատասխան նշել է, որ մինչև հիմա մոտեցումը եղել է այն, որ ներկա դրությամբ համայնքների եկամուտները և աղբյուրներն այնպիսին են, որ պարտատոմս թողարկելն ուղղակի անիմաստ է: Դրա պատճառով ընդհանուր պետական քաղաքականությունը եղել է այն, որ համայնքները չպետք է պարտատոմս թողարկեն: Այժմ պետք է մտածել, թե համայնքները պարտատոմսեր ինչպես են սպասարկելու:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ սեփական եկամուտների համեմատ 30 տոկոս պարտք ունենալու հնարավորության ցուցանիշը բարձր է: Նա առաջարկել է սահմանել պարտք/եկամուտների առավելագույնը 20 տոկոս հարաբերակցություն: Հնչել են տարբեր տեսակետներ: ՀՀ ֆինանսների փոխնախարարը շեշտել է, որ պարտատոմսերի թողարկումը պետք է լինի նպատակային:
Գևորգ Պապոյանը նշել է, որ ապագայում մեր երկրի բոլոր համայնքներն օրենսդրորեն հնարավորություն կունենան թողարկել պարտատոմսեր` հավելելով, որ այսօր համայնքները պատրաստ չեն դրան: Ըստ նրա` Երևանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալը կլինի առաջին քայլն այդ բնագավառում:
Նշվել է, որ խնդրո առարկայի շուրջ քննարկումները կշարունակվեն: