Վանկուվերում կայացած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքները ներկայացնելիս պատգամավորներն անդրադարձան նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ բանակցությունները 3 ամսով դադարեցնելու և օրակարգում «ինքնավար մարզ» հասկացությունը մտցնելու առաջարկին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախ տեղեկացրեց՝ նման ֆորմատներ չկան, ապա պարզաբանեց. «ՀՀ-ն ունի ընտրված խորհրդարան, և խորհրդարանն էլ նշանակել է Կառավարություն, և կա վարչապետ, որը բանակցում է, կա ԱԳ նախարար, որը բանակցում է, կա դիվանագիտական կորպուս, որը բանակցում է, պարբերաբար առաջ եկող այս էկզոտիկ գաղափարներին չգիտեմ ինչպես վերաբերվել»:
Խանդանյանը նկատեց, որ մինչև 2021-ի ընտրությունները «իշխանությունը տվեք մեզ՝ առանց ընտրությունների, կիմանանք՝ ինչ ենք անում» առաջարկն է եղել, իսկ հիմա, կարծում է՝ «ծառայությունների մատուցման ավելի պրոֆեսիոնալ առաջարկներ են»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ հավատում է, որ Վարդան Օսկանյանն անկեղծ մղումներով է բանակցային գործընթացի իր փորձն ուզում փոխանցել:
«Ավելի անկեղծ կլիներ և ավելի տեղին կլիներ, եթե պարոն Օսկանյանը ոչ թե ասեր՝ գլխավոր բանակցողի պաշտոնը տվեք ինձ, ես 3 ամսում կփոխեմ բանակցային գործընթացի ողջ ուղղությունը, այլ եթե ունի խորհուրդներ, որոնք լեգիտիմ կարող են լինել, կամ ունի քննարկելու առիթ, բաց են ԱԳՆ-ի դռները, բաց են Կառավարության դռները: Կարող է մոտենալ, մեյլ գրել կամ ուղարկել իր առաջարկները մեր պաշտոնյաներին, որոնց միջոցով կարող է փոխանցել այն առաջարկները, որոնք, ի դեպ, նա չէր ուզում ի սկզբանե հանրային ասել, որովհետև բանակցային գործընթացը պետք է փակ լինի:
Եվ ևս մեկ նկատառում. պարոն Օսկանյանն այս անգամ բացում է փակագծերը, ասում, որ խնդրում եմ, որպեսզի պարոն Փաշինյանը բանակցային գործընթաց մտցնի ինքնավար մարզի գաղափարը: Ներողություն եմ խնդրում պարոն Օսկանյանից, ուզում եմ հստակեցնի՝ ինքնավար մարզ ո՞ր պետության շրջանակներում, որովհետև պարոն Օսկանյանը զուգահեռաբար ստորագրում է «Հայաքվե» նախագիծը, որով, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, քրեականացվում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ կցանկանար, որ Օսկանյանը մեկնաբանի հարցը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ կարդացել է Վարդան Օսկանյանի հոդվածները՝ հույս ունենալով, որ կգտնի կետեր, որոնք չեն արվել, բայց կարելի է անել, բայց «աբստրակտ» բաներ է գտել:
Նա նաև հիշեցրեց, որ 2000-ականներին Ստամբուլյան խարտիայից հետո Օսկանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իրեն հաջողվել է ԼՂ հակամարտությունը վերածել «էթնոտերիտորիալ կոնֆլիկտի», և դա ներկայացրել որպես ձեռքբերում:
«Այդ հակամարտությունը վերածել տարածքային վեճի երկու երկրների միջև եղել է ամենասխալ քայլերից մեկը դիվանագիտության ողջ պատմության ընթացքում»,- ասաց Մարիա Կարապետյանը: