Մատենադարանում հուլիսի 17-ին տնօրեն են ընտրելու: Այդ գործառույթը հոգաբարձուների խորհրդինն է: Ավելի վաղ փոխվել են խորհրդի ձևավորման սկզբունքը և կազմը: Եթե նախկինում խորհուրդն ուներ 24 անդամ, որից 11-ը՝ Մատենադարանի աշխատող էր, հիմա անդամների ընդհանուր թիվը 13 է, 2-ը՝ Մատենադարանից: Սրան համաձայն չեն Մատենադարանի գիտական խորհուրդն ու աշխատողների արհեստակցական միությունը:
Ալլա Խառատյան (Մատենադարանի ավագ գիտաշխատող, արհմիության փոխնախագահ) - Հոգաբարձուների խորհուրդը իրականում կառավարման մարմինն է Մատենադարանի, և կարծում ենք, որ Մատենադարանի ներկայացված չլինելը Մատենադարանին պարզապես զրկում է ինքնուրույնությունից:
Նկատում է՝ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված երկու աշխատակիցներին Մատենադարանը չի ընտրել: Պահանջում են, որ համամասնությունը չխախտվի, Մատենադարանն էլ չզրկվի կառավարման բարձրագույն մարմնում իրենց ընտրած ներկայացուցիչներն ունենալու հնարավորությունից, ինչպես որ այլ հիմնադրամներում է: Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված անդամները պետական տարբեր մարմիններից են, այդ թվում՝ գիտական: Նախագահն է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ալլա Խառատյան - Մատենադարանի նման լուրջ պոտենցիալով, գիտահետազոտական լուրջ կազմ ունեցող ինստիտուտին չի կարելի վերաբերվել ինչպես փոքրահասակ երեխաների, այսինքն՝ գիտնականները պիտի դրսևորեն իրենց, կառավարման մարմնում մարդ պիտի լինի, որ կարողանա ներկայացնել, թե ինչ խնդիրներ կան Մատենադարանում:
Գիտական խորհրդի անդամ Դոնարա Կարապետյանն ընդգծում է Մատենադարանի յուրահատուկ բնույթը, ինչը պարտադրում է կառավարման մարմնում ունենալ այդ ամբողջ բազմոլորտ, բազմաբնույթ մատենագիտական ժառանգությանը տեղյակ անձինք:
Դոնարա Կարապետյան (Մատենադարանի ավագ գիտաշխատող, գիտական խորհրդի անդամ) - Չէ՞ որ նրանք են ի վերջո որոշելու Մատենադարանի հետագա անելիքները, Մատենադարանը էնպիսի մի գիտահետազոտական կազմակերպություն է, որի մարտավարությունը բառիս բուն իմաստով կապված է մեր հոգևոր և ձեռագիր ժառանգության հետ:
Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի ձևավորման մինչ այս եղած կարգը համարում են՝ արդարացնո՞ւմ էր իրեն ու արդյունավե՞տ էր:
Ես մի բան գիտեմ, որ Մատենադարանում գիտական գործընթացն անցել է բնականոն հունով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշում է, որ նախկինում հոգաբարձուների խորհրդի 11 անդամները Մատենադարանի տնօրենի անմիջական ենթականերն էին՝ տնտեսական գծով տեղակալ, գլխավոր հաշվապահ, ավագ գիտաշխատողներ, բաժնի վարիչներ և այլք, որոնք, սակայն, խորհրդում ձեռք էին բերում վերադասության կարգավիճակ և վերահսկողական լիազորություն: Ստացվում էր՝ մեկտեղվում են իրականացման և վերահսկողական գործառույթները, առաջանում կողմնակալ որոշումներ ընդունելու ռիսկեր՝ առաջին հերթին՝ տնօրենի ընտրության հարցում:
ԿԳՄՍ նախարարություն - Ելնելով Մատենադարանի ազգային ու միջազգային կարևորությունից՝ անհրաժեշտ է համարվել համալրել խորհուրդը գիտական, մշակութային, կրթական և ֆինանսական քաղաքականություն մշակող և իրականացնող պետական գերատեսչությունների բարձր ներկայացվածությամբ, տնտեսական անվտանգության ապահովման և մաքսային վարչարարության մարմինների ներկայացուցիչների ընդգրկմամբ՝ նկատի առնելով նաև Մատենադարանի ֆինանսների կառավարման, իր կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական, մաքսային ընթացակարգեր պարունակող գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։
Մատենադարանի տնօրենի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ տնօրենի պաշտոնակատար, փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, ավագ գիտաշխատող Արծրունի Սահակյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան