Մեկնարկել է շրջանաձև տնտեսության ոլորտի Հայաստանի ամենամասշտաբային ծրագիրը՝ CirculUP-ը: Շրջանաձև տնտեսությունը կայուն տնտեսական մոդել է, որի գլխավոր նպատակը թափոնները նվազագույնի հասցնելն ու ռեսուրսները արդյունավետ օգտագործելն է: Այսպես փորձում են տնտեսվարողներին կրթել, որ թափոնից էլ կարելի է օգուտ քաղել:
Գևորգ Պողոսյան («Իմփաքթ հաբ Երևանի» գործադիր տնօրեն) - Մենք փորձել ենք բոլոր շերտերին տնտեսության անդրադառնալ, այսինքն՝ աշխատելու ենք թե բնապահպանական ու սոցիալական կազմակերպությունների հետ, բիզնեսին աջակցող կազմակերպությունների հետ, աշխատելու ենք հենց գործող բիզնեսների հետ, սովորեցնենք, թե ինչպես իրենք կարող են իրենց գծային արժեշղթան դարձնել շրջանաձև, աշխատելու ենք ստարտափների հետ, որ նորարարական գաղափարներ շրջանաձև տնտեսության մեջ ստեղծեն և սկսեն աշխատել էդ ուղղությամբ, պետական կառույցների հետ, այսինքն՝ համախմբենք նաև իրենց, որովհետև ստեղծելու ենք կոնսորցիում մարդկանց, որոնք կդառնանա դեսպանները շրջանաձև տնտեսության:
Ծրագիրը Հայաստանում իրականացնում են «Իմփաքթ հաբը» և «Շրջակա միջավայր ու առողջություն» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Ծրագրի թիրախում լինելու են խոշոր ընկերությունները, ՓՄՁ-ներն ու ստարտափները: Եվ քանի որ Հայաստանի համար որոշ չափով խորթ տնտեսական այս մոդելի տեղայնացման համար անհրաժեշտ են որոշակի ֆինանսական ներդրումներ, ԵՄ-ն աջակցություն է նախատեսել՝ 525 հազար եվրո՝ իրազեկման, մոդելների մշակման, ներդրման ու գործարկման համար: Շրջանաձև տնտեսություն ստեղծելու և աստիճանաբար այդ մոդելը հիմնական դարձնելու պարտավորություն մեր երկիրը նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրով ունի:
Լուսինե Ավետիսյան (ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետ) - Կառավարության ծրագրում ամրագրված է կանաչ տնտեսության հայեցակարգի ընդունումը: Դա մեր Կառավարության առաջնահերթ ուղղություններից է, և ցանկացած նմանատիպ գործուն մեխանիզմներ ուղղված են, միտված են այդ մեծ քայլին: Դա նորամուծություն չէ ամբողջ աշխարհում, և Հայաստանը չպետք է անմասն մնա այդ մեծ գործընթացներից:
Ծրագրի ամբողջ ընթացքում անցկացվելու են դասընթացներ, Հայաստան տարբեր երկրներից փորձագետներ են գալու, դասընթացավարների առաջին խումբն էլ արդեն վերապատրաստվել է շրջանաձև տնտեսության ամենահարուստ փորձ ունեցող Նիդերլանդներում: Ալբերտո Մազետի-Զանինին ֆաունդռայզինգի փորձագետ է, եկել է Հայաստան, իր բնորոշմամբ՝ աջակցելու նոր սերնդին, որոնք ունեն հետաքրքիր, նորարար ու կայուն գաղափարներ:
Ալբերտո Մազետի-Զանինի («Իմփաքթ հաբ նեթվորք»-ի համընդհանուր զարգացման տնօրեն) - Այս պահին մենք դիտարկում ենք Հայաստանի կարողությունները: Այս երկիրը անչափելի ներուժ ունի, բայց միաժամանակ մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր նպատակն է այստեղ վերհանել ոլորտային խնդիրները, ուսումնասիրել դրանք ու լուծումներ գտնել: Անչափ կարևոր է կրթական ծրագրերի ներդրումը դպրոցներում: 3 տարում մենք չենք կարող փոխել երկիրը, բայց կարող ենք ստեղծել պայմաններ, որոնց միջոցով երկիրը կարող է ինքնուրույն փոխվել:
Իր փորձով կիսվելու է նաև Քըրք Ուոլիսը, որը 7 տարի առաջ եկել է Հայաստան, բիզնես հիմնել հենց շրջանաձև տնտեսական մոդելով: Հայաստանի տարբեր մարզերում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գործարարը իրենց շրջանաձև մոդելն է ներկայացնում՝ օրգանիկ պտուղ-բանջարեղենը պարարտացնում են ձկնաբուծարանի թափոններից՝ ջրից հանում են օգտակար նյութերը, իսկ ջուրը շրջանով վերադարձնում են ձկներին:
Քըրք Ուոլիս (գործարար) - Այս համակարգի շնորհիվ բացառվում է բնապահպանական բազմաթիվ խնդիրների առաջացումը: Համակարգի շնորհիվ նաև հնարավոր է խնայել ջրային ռեսուրսները: Շրջանաձև տնտեսության առավելություններից մեկը կայունությունն է: Տնտեսության այս մոդելն օգնում է չվնասել բնությունը, խնայել բնական ռեսուրսները: Արդյունքում՝ շահում են մարդը, առողջապահական համակարգը: Առավելություններն անհաշվելի են:
CirculUP ծրագիրը Հայաստանում կգործի 3 տարի, որը, սակայն, ըստ մասնագետների, միայն սկիզբն է. ծրագրի ընթացքում կուտակված փորձը, ստացած գիտելիքը, կազմված ձեռնարկները նախատեսված են առաջիկա տարիների համար: