Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահը շնորհավորել է դեսպան Անն Լույոյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք:
«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին այն աջակցության համար, որ Ֆրանսիան ցուցաբերում է մեր երկրին մեզ համար մարտահրավերներով լի այս դժվար ժամանակաշրջանում:
Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքում, ի վերջո, իրականություն կդառնա տարածաշրջանում վերջնական և հարատև խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությունն ու ձգտումը»:
Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար: «Շնորհակալ ենք, պարոն նախագահ, այս մեծ պատվի համար, որ մեզ արժանացրեցիք՝ գալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ինչպես նշեցիք, Ֆրանսիան իսկապես մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը, որին Հայաստանը և հայ ժողովուրդն արժանի են: Նախագահ Մակրոնն անձամբ շատ հանձնառու է աջակցել այդ գործընթացին»: