Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը` ուղեծրային և վայրէջքի մոդուլներով ու լուսնագնացով, ուրբաթ մեկնարկել է Սաթիշ Դհավանա տիեզերական կենտրոնից, որը գտնվում է Բենգալյան ծոցի Շրիհարիկոտա կղզում, գրում է BBC-ն:
Ըստ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության ներկայացուցիչների՝ վայրէջքի մոդուլը Լուսին կհասնի օգոստոսի 23-24-ը, և եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, Հնդկաստանը կդառնա աշխարհում չորրորդ երկիրը ԱՄՆ-ից, ԽՍՀՄ-ից և Չինաստանից հետո, որի տիեզերանավը փափուկ վայրէջք է կատարում Լուսնի վրա։ Հաջողության դեպքում այն կլինի նաև առաջին երկիրը, որի մոդուլը վայրէջք կկատարի Լուսնի քիչ ուսումնասիրված հարավային բևեռի մոտ:
Հնդկաստանի՝ Լուսնի հետախուզման հավակնոտ ծրագրում սա երրորդ առաքելությունն է։ Առաջինը արձակվել է 2008 թվականին, և մանրակրկիտ որոնումների արդյունքում Դելիին հաջողվել է առաջին անգամ ջրի հետքեր հայտնաբերել Լուսնի մակերեսին:
Երկրորդ՝ Chandrayaan 2 առաքելությունը, որը ներառում էր նաև ուղեծրային և վայրէջքի մոդուլներ ու լուսնագնաց, գործարկվել է 2019 թվականին, բայց հաջողվել միայն կիսով չափ:
Նրա ուղեծրային մոդուլը դեռևս պտտվում է Լուսնի շուրջ և ուսումնասիրում է այն, սակայն վայրէջքի մոդուլը խափանվել է կոշտ վայրէջքի պատճառով։
Եթե այս անգամ ամեն ինչ հարթ ընթանա, գրեթե 4 տոննա քաշով և 75 միլիոն դոլար արժողությամբ Chandrayaan-3-ը կավարտի այն, ինչ չի հաջողվել նախորդին: