Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Անմխիթար վիճակում էր, ամբողջությամբ փոսերով էր, նույնիսկ փոսային նորոգում հնարավոր չէր անել:
Մ 1 միջպետական մայրուղու Գյումրիից Բավրա և Վրաստանի սահման տանող 11.5 կմ երկարությամբ հատվածը դժվարանցանելի է նույնիսկ ամենագնացների համար:
Գոռ Ավետիսյան - Կարծում եմ՝ վերջին 20-25 տարում երբեք այդ ճանապարհը չի հիմնանորոգվել, քանի որ գտնվում էր անմխիթար վիճակում, բայց ընդհանուր 2008-ից հետո Գյումրիից մինչև Բավրա ոչ մի նորոգման աշխատանք չի իրականացվել:
Տարիներով անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը Հայաստանը կապում է հարևան Վրաստանին: Բայց այս ճանապարհից օգտվողները հիմա քիչ են:
Արայիկ Ստեփանյան (աշխղեկ) -11 կմ-ի համար 40 րոպե՝ որ հասնեին սահման, վերանորոգումից հետո՝ երևի 10-15 րոպե:
Վերջին տարիներին Մ 1-ի տարբեր հատվածներ բարեկարգվել են: Հիմնանորոգման աշխատանքները շուրջ 10 օր է՝ մեկնարկել են նաև այս հատվածում:
Արայիկ Ստեփանյան - Արդեն իսկ մոտ կատարել ենք 1 կմ խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկ, կատարում ենք Ց5-ի տեղադրում՝ 20 սմ, նաև հողային աշխատանքներ:
Քանի դեռ Վանաձորից ասֆալտով բեռնված հաջորդ շարասյունը չի հասել, հողային գործերն են անում: Հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն 2024-ին, և ճանապարհը կունենա 3-րդ տեխնիկական կարգ:
Գոռ Ավետիսյան - Այս պահին շուրջ 400 մլն դրամ Կառավարությունը հատկացրել է, ընդհանուր շուրջ 2.3 մլրդ դրամ գումար է նախատեսված այդ ճանապարհի 11.5 կմ հիմնանորոգման համար:
Ճանապարհը համընկնում է Հյուսիս-հարավի 5-րդ տրանշի ՝ Գյումրին շրջանցող ու դեպի Վրաստանի սահման հատվածի հետ, որի նախագիծն արդեն կա:
Գոռ Ավետիսյան - Հաստատումները կա, փորձաքննությունն անցել ա, բայց քանի որ ճանապարհը մենք հիմնանորոգել ենք, և Հյուսիս-հարավը վրաց գործընկերների հետ, ինչպես գիտեք, սահմանից այն կողմ էլ ցածր կարգի ճանապարհներ կան, եթե վրացական կողմը այդ ճանապարհների կարգը բարձրացնի, մենք պատրաստ ենք շատ արագ Գյումրիից դեպի Բավրա հատվածը հիմնանորոգենք արդեն Հյուսիս-հարավի շրջանակներում:
Գործի մեծ մասը նախատեսում են այս տարի ավարտել, միայն թե եղանակը չխանգարի: Իսկ մինչև Բավրա հասնելը՝ Քեթիից հետո, մայրուղու 1.8 կմ երկարությամբ ևս մեկ հատվածի վրա, որ վերջին տարիներին չէր հիմնանորոգվել, արդեն տաք ասֆալտի շերտն են փռում: