Օնլայն տաքսիների առաջարկած գները չհիմնավորված բա՞րձր են, թե՞ խելամիտ՝ կարծիքները տարբեր են․ մասնագիտական գնահատականի և, եթե խախտում հայտնաբերեն՝ տուգանելու համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ոլորտում ուսումնասիրություն է սկսել։ Չնայած խնդիրը շատերին է հուզում, կարիք չեն տեսնում հետազոտելու թանկացող բենզինի շուկան, ինչի պատճառով սպառողը քննադատում է կառույցին։
Տիգրան Մարկոսյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Մենք ունենք տեղեկատվության ասիմետրիա: Մեր կարծիքով՝ մենք բավարար չափով արել ենք, բայց մյուս կողմից՝ ստացվում է, որ հարցումները, որ իրենք արել են, ասում է, որ դա անբավարար է: Մենք դա ընդունում ենք, և այս աշխատաժողովը այդ քայլերից մեկն է:
Հայաստանում թերևս առաջինն իրենք են փորձում հանրային շահերի պաշտպանության ոլորտում ռազմավարություն ունենալ՝ հայտարարեցին հանդիպմանը։ Փաստաթուղթը հասարակության հետ հանձնաժողովի կապը հստակեցնելու համար է, հասկանալու՝ ի՞նչ է սպասում սպառողը, այս կամ այն որոշումն ո՞ւմ հասցեագրել՝ բիզնեսի՞ն, թե՞ բնակչին և ի՞նչ տերմինաբանությամբ բացատրել։ Ուղենիշների մշակմանն աջակցած Եվրամիության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները ողջունեցին մոտեցումների ճշգրտման հարցերով երկրում կատարվող աշխատանքը։
Անտոնիս Ցամուլիս (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու) - Եվրամիությունը հանձնառություն է ստանձնել աջակցել Հայաստանին մրցակցության հարցերը բարելավելու գործում։ ՍԵՊԱ-ում ամրագրված է հակամրցակցային գործելաոճի դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Մենք ուրախ ենք փոխանցելու եվրոպական փորձն այս ոլորտում:
Ումիջոն Աբդուլաև (ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ) - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խթանում է մրցակցությունը շուկաներում, ինչը բերում է տնտեսության աճի ու ներդրումների, դառնում զարգացման բանալի:
Ստեղծված փաստաթղթի հիման վրա՝ հանձնաժողովը պետք է բուն ռազմավարություն մշակի ու հստակեցնի քայլեր-մոտեցումներ-պատասխանատուներ։ Այս ընթացքում իտալական «Լեար» տնտեսական խորհրդատվական ընկերության հետ համատեղ տուգանք-ներումներից մինչև չհիմնավորված բարձր ու ցածր, այսպես ասած՝ գիշատիչ գների մասով 4 ուղեցույց են մշակել, դեղերի, բեռնափոխադրման ու տաքսիների շուկայում հետազոտություն արել։ Զեղչի, նաև միջին գնի վերաբերյալ «Առևտրի ու ծառայությունների մասին» և Հարկային օրենքներում ձևակերպումները տարբեր են, ճիշտ կլինի նույնացնեք դրանք՝ առաջարկեց քննարկման եկած տնտեսվարողներից մեկը։
Վարուժան Վարդանյան (ընկերության ներկայացուցիչ) - Կտրոնի վրա սպառողը տեսնում է փաստացի գնից կիրառված զեղչը, բայց, ըստ հանձնաժողովի՝ նախորդ ամսվա միջին գնից պետք է զեղչը հաշվարկվի և նշվի, և էստեղ առաջանում են հակասություն և շփոթմունք:
Աշխատաժողովին մասնակցում էին նաև մրցակցային մարմնի նշանակած տուգանքները բիզնեսի պահանջով քննող դատավորներ։ Հանձնաժողովականներին գովեցին, ասացին՝ ի տարբերություն վարչական մյուս կառույցների՝ գործում պարտաճանաչ են, հատուկ հրավերի չի սպասում, պարզաբանումները չի ուշացնում։