ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը CNN-ի հետ հարցազրույցում պատասխանել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու բողոքին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետի բացակայության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի յուրաքանչյուր անդամ Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ վստահեցրել է Զելենսկուն, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Օսթինն ընդգծել է, որ Ուկրաինայի առաջնորդը նաև երաշխիքներ է ստացել պաշտպանական բլոկի բոլոր անդամներից, որ նրանք կաջակցեն իրեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Պենտագոնն Ուկրաինային այժմ F-16 կործանիչներ տրամադրելը ժամանակավրեպ է համարել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ խոսել է գերատեսչության միասնական շտաբի գործառնությունների տնօրեն Դուգլաս Սիմսը։
«F-16-ների տեղակայման պայմանները կարող են կատարյալ չլինել»,- ասել է նա: Պաշտոնյայի կարծիքով՝ դա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև հակաօդային պաշտպանության ոլորտում Ռուսաստանի լայն հնարավորություններով։
Ըստ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի՝ այդ կործանիչները երբեք չեն դիտարկվել որպես հակահարձակման զենք։