Անկարան Ռուսաստանին պարզաբանումներ է տվել «Ազովի» անդամներին Ուկրաինային հանձնելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը: Նրա խոսքով ՝ դա ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության չի հանգեցրել։
«Մեր կողմից համապատասխան բացատրություններ են տրվել, իրավիճակը հստակեցվել է։ Լարվածություն Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում չկա»,- ասել է Չելիքը Haberturk հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ չհայտնելով մանրամասներ բանակցությունների վերաբերյալ:
Իրավիճակի կարգավորման մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ «ազովցիներին» Կիևին հանձնելուց հետո Ռուսաստանում մի շարք հայտարարություններ արվեցին։ Սակայն այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները Մոսկվային հաղորդեցին փոխանցման մանրամասները, «իրավիճակը հանդարտվեց»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահը բացատրել է, որ վեց հրամանատարին ազատ արձակելու հարցում են ստացել Կիևից ու որոշել են դրական պատասխան տալ: Էրդողանը հայտնել է, որ օգոստոսին Ռուսաստանի ղեկավարը կայցելի Թուրքիա, և կողմերը հնարավորություն կունենան այդ հարցերը քննարկել դեմ առ դեմ ձևաչափով:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին չեն տեղեկացրել Թուրքիայից «Ազովի» նախկին հրամանատարներին Ուկրաինա վերահանձնելու մասին: Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և հնարավոր է համարել, որ դաշինքի գագաթնաժողովից առաջ Անկարայի վրա ճնշում է գործադրվել: Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ պայմանավորվածությունների խախտումը «ոչ մեկին պատիվ չի բերում»: Անկարայի որոշումը նա կապել է նաև Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ձախողումների հետ։