ՆԱՏՕ-ԻՆ ՄԻԱՆԱԼԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահը մանրամասներ է հայտնել հունիսի 24-ին «Վագների» զինված հեղաշրջման փորձից հետո մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումից: «Նրանք բոլորը կարող էին հավաքվել մեկ վայրում և շարունակել ծառայել՝ իրենց հրամանատարի ղեկավարության ներքո: Շատերը գլխով էին անում՝ ի նշան համաձայնության: Բայց Պրիգոժինը վերջում ասաց՝ տղաները համաձայն չեն»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ «Վագները», փաստացի, գոյություն չունի, քանի որ Ռուսաստանում մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին օրենք չկա, ինչը նշանակում է, որ «Վագներ» իրավաբանական անձ ևս չկա։
Պուտինը խոսել է Ուկրաինայի շուրջ զարգացումներից, հայտարարել՝ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կվտանգի Ռուսաստանի անվտանգությունը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը հենց Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի անդամակցության հնարավորությունն է:
«Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ին միանալը չի բարձրացնի Ուկրաինայի անվտանգությունը, այլ շատ ավելի խոցելի կդարձնի աշխարհը ու կհանգեցնի միջազգային ասպարեզում լրացուցիչ լարվածության»,- պնդել է Ռուսաստանի նախագահը։ Նա ընդգծել է՝ Ուկրաինան կարող է ապահովել իր անվտանգությունը ինչպես ուզում է, բայց առանց Ռուսաստանի համար սպառնալիքներ ստեղծելու: Պուտինը նաև նշել է, թե արևմտյան զենքի նոր մատակարարումները Կիևին միայն սրում են իրավիճակը։
Նախագահը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորման մասին, նշել՝ 2022 թվականի մարտին Ստամբուլում մշակվող խաղաղության համաձայնագիրը կարող էր ընդունելի լինել Մոսկվայի համար: Ավելի վաղ Պուտինը ներկայացրել էր հակամարտության կարգավորման ստամբուլյան համաձայնագրի նախագիծը՝ «Մշտական չեզոքության և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր» վերտառությամբ։ Նա նշել էր, որ Կիևն այն չի ընդունել:
ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ԳՇ
Թեժ մարտերը շարունակվում են՝ հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նշվում է, որ ռուսական կողմը հիմնականում կենտրոնացած է 5 ուղղությամբ՝ Կուպյանսկ, Լիման, Բախմուտ, Ավդեևկա և Մարյինկա։ Գլխավոր շտաբի տվյալով՝ երեկ շուրջ 30 բախում է գրանցվել, ռուսական ուժերն օդային, հրետանային և ականանետային հարձակումներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։
«Սակայն ուկրաինացի մարտիկները պահում են պաշտպանության գիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կառույցից հայտնել են, որ ռուսական հարվածների պատճառով Բախմուտի ուղղությամբ տուժել է ավելի քան 15 բնակավայր։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջընթաց ունեն:
ԳԱԼԱՆՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՈՐԱԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԸ
Իսրայելի պաշտպանության նախարարն արդյունավետ է որակել երեկ Ադրբեջան կատարած այցը:
«Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և սահմանապահ ծառայության պետի հետ հանդիպումներում վերահաստատել ենք մեր ընդհանուր ձգտումը՝ ամրապնդելու Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները՝ հատկապես անվտանգության ոլորտում»,- ասել է Յոավ Գալանտը:
Նրա խոսքով՝ երկու երկրի գործակցությունն ընդհանուր առմամբ միտված է տարածաշրջանային կայունությանը:
ԻՐԱՆԸ ԵՎ ԶԻՄԲԱԲՎԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի և Զիմբաբվեի պատվիրակությունները երկու երկրի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Էմերսոն Մնանգագվայի ներկայությամբ գործակցության 10-ից ավելի համաձայնագիր են կնքել։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել շփումներն աշխատանքի և զբաղվածության, առողջապահության, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում:
Ռայիսին Զիմբաբվեում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցները որպես գործիք է օգտագործում երկրների դեմ, ուստի իրենք պետք է ավելի սերտ գործակցեն՝ հաղթահարելու տնտեսական սահմանափակումների հետևանքները:
Օրերս Իրանի նախագահն այցելել էր նաև Քենիա և Ուգանդա: Հատկանշական է, որ սա 11 տարվա ընթացքում Ռայիսիի առաջին այցն էր Աֆրիկա: