ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Հասցեական հայտարարությունները ներառվել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի արդյունքում ընդունված փաստաթղթում՝ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության առաջարկով:
Սարգիս Խանդանյան (ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Վեհաժողովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հորդորում է շարունակել բանակցությունները, նաև ողջունում է ԵՄ և ԱՄՆ միջնորդությունը՝ խաղաղության բանակցություններում: Նաև հումանիտար այլ հարցերին անդրադարձներ կան, ինչպես գերիների վերադարձին, մշակութային ժառանգության պահպանությանը և այլն:
Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած նստաշրջանի ընթացքում հայ և օտարերկրյա խորհրդարանականներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին: Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներն ընդգծում են՝ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից անհրաժեշտ են հստակ գործողություններ:
Սարգիս Խանդանյան - Պետք է լինի երկխոսություն ԼՂ հայերի ներկայացուցիչների, Ստեփականերտի և Բաքվի միջև, և անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարցերն այս շրջանակում քննարկվեն, որն ունենա միջազգային տեսանելիություն: Եվ, իսկապես, այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները պետք է պահպանվեն, և արդեն դրան ավելացել է նաև փետրվարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Երբ որ մենք ասում ենք, որ պետք է հասցեագրենք ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, այս ամենի արանքում են տեղի ունենում բազմաթիվ պրոցեսներ, օրինակ՝ ԵՄ դիտորդները գալիս կանգնում են Հայաստանի սահմանին, դիտորդական առաքելություն են իրականացնում, մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելություն ԼՂ-ում տեղակայելու մասին, հումանիտար բեռներ են անցնում, Կարմիր խաչն են արգելափակում, հետո չեն արգելափակում, գազն են արգելափակում, հետո բացում են: Այս ամենն օպերատիվ բանակցությունների և խոսակցությունների շնորհիվ է, և հիմա մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերների հետ խոսակցության և ճնշումների միջոցով հասնել նրան, որ սարսափելի հումանիտար վիճակը ԼՂ-ում այս պահին առկա մեղմվի հումանիտար բեռների անցման շնորհիվ:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը հայտնեց՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում: Հայաստանն այս միջոցառումը կհյուրընկալի առաջին անգամ:
Սարգիս Խանդանյան - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամենամեծ տարածաշրջանային խորհրդարանական հարթակն է՝ 57 անդամ երկրներ կան, և սա կարևոր է մեր իրականության մասին խոսելու և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները մեր գործընկերներին ներկայացնելու համար:
Վանկուվերում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է հումանիտար և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան