ԲԼԻՆՔԵՆԸ ԵՎ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջակարտայում բանակցություններ է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են հուլիսի 11-12-ը Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և Աֆղանստանում զարգացումները։
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հանդիպմանը մասնակցում է նաև ՌԴ ԱԳ նախարարը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ Սերգեյ Լավրովը չի շփվել ամերիկյան պատվիրակության հետ, առաջիկայում հանդիպումներ ևս չեն ակնկալվում:
ԿԻԵՎՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ. ՊԵՆՏԱԳՈՆ
Կիևն արդեն ստացել է կասետային զինամթերք՝ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Դուգլաս Սիմսը: Նա հավելել է՝ Ուկրաինային դրանք ԱՄՆ-ից բացի տրամադրել են նաև մի շարք այլ երկրներ։ Ուկրաինայի զինված ուժերը հաստատել է, որ Կիևն արդեն ստացել է խմբաքանակը։
Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ ամերիկյան կողմը Կիևից գրավոր երաշխիքներ է ստացել, որ Ուկրաինան նվազագույնի կհասցնի խաղաղ բնակչության դեմ զինամթերքի այդ տեսակի օգտագործման ռիսկերը։ Վոլոդիմիր Զելենսկին էլ վստահեցրել է, որ ուկրաինական բանակը մտադիր է կասետային զինամթերք օգտագործել բացառապես ռազմական օբյեկտների դեմ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է՝ եթե ուկրաինական ուժերը կասետային զինամթերք օգտագործեն, Ռուսաստանը հակաքայլեր կձեռնարկի։
ՆԱՏՕ-ԻՆ ՄԻԱՆԱԼԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահը մանրամասներ է հայտնել հունիսի 24-ին «Վագների» զինված հեղաշրջման փորձից հետո մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչներ հետ հանդիպումից: «Նրանք բոլորը կարող էին հավաքվել մեկ վայրում և շարունակել ծառայել՝ իրենց հրամանատարի ղեկավարության ներքո: Շատերը գլխով էին անում՝ ի նշան համաձայնության: Բայց Պրիգոժինը վերջում ասաց՝ տղաները համաձայն չեն»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ «Վագները» փաստացի գոյություն չունի, քանի որ Ռուսաստանում մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին օրենք չկա, ինչը նշանակում է, որ «Վագներ» իրավաբանական անձ ևս չկա։
Պուտինը խոսել է Ուկրաինայի շուրջ զարգացումներից, հայտարարել՝ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կվտանգի Ռուսաստանի անվտանգությունը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը հենց Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի անդամակցության հնարավորությունն է:
«Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ին միանալը չի բարձրացնի Ուկրաինայի անվտանգությունը, այլ շատ ավելի խոցելի կդարձնի աշխարհը ու կհանգեցնի միջազգային ասպարեզում լրացուցիչ լարվածության»,- պնդել է Ռուսաստանի նախագահը։ Նա ընդգծել է՝ Ուկրաինան կարող է ապահովել իր անվտանգությունը ինչպես ուզում է, բայց առանց Ռուսաստանի համար սպառնալիքներ ստեղծելու: Պուտինը նաև նշել է, թե արևմտյան զենքի նոր մատակարարումները Կիևին միայն սրում են իրավիճակը։
ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ
Հոլիվուդի և ամերիկյան հեռուստատեսության ավելի քան 160.000 դերասան միացել է սցենարիստների արդեն 2 ամիս շարունակվող գործադուլին: Նրանք դադարեցրել են նկարահանումները, ինչպես նաև չեն մասնակցի ֆիլմերի գովազդային քարոզարշավներին և պրեմիերաներին։
Կինոդերասանների գիլդիայի և Հեռուստատեսության ու ռադիոյի դերասանների ամերիկյան ֆեդերացիայի արհմիությունը գործադուլն անվանել է «վերջին քայլը» կինոստուդիաների հետ բանակցությունների ձախողումից հետո: Դրանք տևել են 12 օր, արհմիությունը պահանջում էր բարձրացնել երկրորդական դերերի դերասանների աշխատավարձը:
Հոլիվուդյան մի շարք մեծ աստղեր ևս հայտարարել են, որ համերաշխ կլինեն գործընկերների հետ և կմիանան գործադուլին։
Ստեղծված իրավիճակի ֆոնին՝ Տորոնտոյի և Վենետիկի կինոփառատոների օրակարգում կարող են փոփոխություններ մտցվել, իսկ «Էմմի» մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել: